ԱՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից 2019 թվականին անց է կացվել բեռնափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց ընտրանքային դիտարկում:
Ընդհանրացվել են բեռնափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց շրջանում անցկացված հետազոտությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԱՎԾ աշխատակազմի հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ հարցաթերթերում ներառված ցուցանիշները հնարավորություն են ընձեռել տեղեկություն ստանալ հետազոտության մեջ ընդգրկված անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաների քանակի, դրանց տեխնիկական սարքինության, բեռնատարողության, երթերի քանակի, կատարած վազքի, բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության ծավալների վերաբերյալ:
«Ընտրանքային դիտարկում է անցկացվել նաև տնտեսության այլ ոլորտներում գործունեություն ծավալող տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների 18 %-ի շրջանակում, որոնց պատկանում էր բեռնատար մեքենաների ընդամենը 15 %-ը: Բեռնափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց ընտրանքային հետազոտությունը կատարվել է պատահական ընտրանքի եղանակով, ընդ որում հարցումն իրականացվել է երկրորդ և երրորդ եռամսյակներում: Բեռնափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց ընտրանքային ուսումնասիրության երկու փուլի արդյունքում հարցման են ենթարկվել 1000 անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ, ընդ որում 22,3 %-ը՝ չգործող: Բեռնափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց ընտրանքային հետազոտության արդյունքներով ավտոմեքենաների քանակը կազմել է երկրորդ եռամսյակում՝ 382, իսկ երրորդ եռամսյակում՝ 487»,- մասնավորապես ասել է Լ. Սողոմոնյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ հետազոտված ավտոմեքենաները, ընդհանուր առմամբ, բարվոք վիճակում են: Ապրիլի 30-ի դրությամբ սարքին էր դրանց 90.6 %-ը, իսկ օգոստոսի 31-ի դրությամբ ՝ 94,3 %-ը: Ապրիլի 30-ի դրությամբ հետազոտված ավտոմեքենաների գերակշիռ մասը՝ 35,6 %-ը, ուներ 1-3 տոննա բեռնատարողություն, իսկ օգոստոսի 31-ի դրությամբ՝ 3-5 տ բեռնատարողություն (44,1 %):