- Արտակարգ դրություն հայտարարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, Ադրբեջանական ԽՍՀ-ի` նրան հարող շրջաններում, Հայկական ԽՍՀ-ի Գորիսի շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ-ի պետական սահմանի երկայնքով Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում եղած սահմանամերձ գոտում:
- Արտակարգ պարագաների հետևանքները վերացնելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, հասարակական կարգն ու անվտանգությունը, բնակչության կենսագործունեության օբյեկտները պահպանելու համար օրենքին համապատասխան ներգրավվում են ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության ներքին զորքերը: Քաղաքացիներին պաշտպանելու, բնակչության կենսագործունեության օբյեկտները պահպանելու համար նաև ներգրավվում են խորհրդային բանակի, ռազմածովային նավատորմի և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի զորամասերը...:
- Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը առաջարկել ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ պարետային ժամի սահմանումը Բաքու, Գանձակ քաղաքներում և այլ բնակավայրերում ապահովելու համար բնակչության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների անվտանգությունը, պատասխանատվության կանչելու այն անձանց, ովքեր մեղավոր են գործող օրենսդրության պահանջները, այդ թվում «Ադրբեջանական ԽՍՀ-ում և Հայկական ԽՍՀ-ում հասարակական կարգի հաստատման անհետաձգելի միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի նոյեմբերի 28-ի հրամանագրի պահանջների խախտման մեջ...:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ` Մ. Գորբաչով
Մոսկվա, Կրեմլ: 15 հունվարի 1990թ.»
Գիտնականների խոսքը
Բաքվում տեղի ունեցող վայրագություններն այդ օրերին շարունակում էին դատապարտել հայ մտավորականներն ու գիտնականները: «Սովետական Հայաստան» օրաթերթի համարում տպագրվեց ԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտնականների կոչը` ուղղված աշխարհի բոլոր գիտնականներին:
«Գիտնականների խոսքը
Ս. թ. հունվարի 15-ին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում կայացավ ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստ, որտեղ դատապարտվեցին Ադրբեջանում, մասնավորապես Բաքվում ապրող հայ բնակչության նկատմամբ գործադրված ավազակության, ահաբեկչության և չարամիտ սպանությունների փաստերը:
Ընդունվեց և ուղարկվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիային և նրա մասնաճյուղերին, միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաներին, արտասահմանյան այն ակադեմիաներին ուղղված Հայաստանի գիտությունների ակադեմիայի դիմում տեքստը, որոնց հետ վերջինս գիտական սերտ կապեր է պահպանում:
Նրանում ասված է.
«Հայաստանի գիտությունների ակադեմիան դիմում է աշխարհի բոլոր գիտնականներին` կոչ անելով բողոքի ձայն բարձրացնել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչության բարբարոսական բնաջնջման դեմ: Սումգայիթի անպատիժ ցեղասպանությունից հետո գազանությունների նոր ալիքը իր գագաթնակետին հասավ 1990 թվականի հունվարի 14-ին` Բաքվում հայերի զանգվածային սպանություններով:
Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ
Ակադեմիկոս` Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ»
Սերո Խանզադյանի կոչը` հայ ժողովրդին
Թերթի էջերում ուշագրավ է նաև հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայկական ՀԽՍ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ գրողների միության անդամ և ԽՄԿԿ անդամ Սերո Խանզադյանի հոդվածը, որում գրողը հայ ժողովրդին պայքարի կոչ է անում: Խանզադյանն իր հոդվածում հիշեցնում է նաև այն, թե ինչպես է հայ ժողովուրդը Բաքվի ջարդերից 240 տարի առաջ բարեգթությամբ իր տանը տեղ ու հաց տվել թուրք քոչվոր ցեղերին:
«ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑԻՆՔ ԴԱՐԵՐ
Հայ ժողովուրդ` եղբայրներս, քույրերս, զավակներս, թոռներս, ճակատագրական օր է մեզ համար: Ընդամենը 240 տարի առաջ Արցախ-Ղարաբաղի հայության բարեգթությամբ մեր տանը տեղ ու հաց, հող ու հաց ստացած թուրք քոչվոր ցեղերը ահռելի ոհմակներով, ոտնահարած մեր տված աղուհացը, բարբարոսություններ են կատարում, զինված արշավանքներ ձեռնարկում մեր արևելյան սահմանների` Սյունիքի, Արցախի, Գուգարքի դեմ:
Ամեն օր զոհ, ամեն օր կողոպուտ, իսկ հիմա` այս օրերին էլ շարունակվում է Բաքվի բնիկ տերերի (ռուսների, հրեաների, գերմանացիների) հետ հայերի կոտորածը:
Մենք, դեռ չբուծած սումգայիթի վերքերը, այսօր լսում ենք Բաքվում մորթվողների երեխաների աղաղակը:
Մինչև ե՞րբ...
... Չի հուսահատվի իմ հայ ժողովուրդը, հավատացած եմ, թեև մենակ է: Աստված էլ մենակ էր և մենակ է: Հպարտ եղիր, ազգ իմ, քո ազնվությամբ և քո վեհությամբ: Կռվի մեջ չկա տեսակների տարբերություն: Այսօր կռիվ է: Դիմենք բոլոր միջոցներին: Բացի մեկից` խնդրանքից ու հպատակվելուց:
Ուրեմն, դեպի պայքար:
Մեր դրոշին Դավիթ Բեկի խոսքերը դաջենք. «Այսպես ապրեցինք դարեր»: Համոզված եմ` այսօր չէ, վաղը կհաղթանակի մեր գործը:
Սերո ԽԱՆԶԱԴՅԱՆ»
«Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 17-ի համարում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակի և մի շարք այլ թեմաների մասին:
30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:
Նորայր Շողիկյան