«ՎրացԻնֆորմ»-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Առնո Խիդիրբեգիշվիլին Վրաստանի նախագահին է դիմել Վովա Հարությունյանին ներում շնորհելու խնդրանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Վերջինս նախագահին խնդրել է ներում շնորհել ԱՄՆ նախկին նախագահ Բուշի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Վովա Հարությունյանին, փոխանցում է SHANTNEWS.am-ը:
«Տիկին Սալոմե, հիշե´ք ձեր մորը, Դուք ինքներդ ևս մայր եք: Դուք չե՞ք խղճում Վովա Հարությունյանի 78-ամյա մորը՝ տիկին Ազային, որը ողջ տարին՝ շոգին ու ցրտին, պլաստիկ տոպրակներ է վաճառում շուկայում: Առնվազն մեկ բարի գործ կատարեք. ներո´ւմ նրա որդուն, որն իր կյանքի 19 լավագույն տարիներն անցկացրեց բանտում չկատարած հանցագործության համար:
Հավատացե´ք ինձ, Հարությունյանը ձեզանից շատ ավելի ճանաչված է մեր ժողովրդի շրջանում, նա ոչ պակաս օտար լեզուներ գիտի, քան Սաակաշվիլին: Այսինքն, եթե նա մասնակցի Վրաստանի նախագահական ընտրություններին, մրցակիցներ չի ունենա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի կառավարման տարիներին թբիլիսիաբնակ 27-ամյա Վովա Հարությունյանին մեղադրեցին 2005թ. մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նկատմամբ իրականացրած ահաբեկչության մեջ: «Ահաբեկչին» անմիջապես հայտնաբերել ու ձերբակալել էին: Ըստ տարածված տեղեկության՝ վերջինս ընդունել էր մեղադրանքն ու դատապարտվել ցմահ ազատազրկման:
Նշենք, որ դատապարտյալի մայրը, նրան ճանաչողներն ու վրացական հանրության մի մասը թերահավատությամբ վերաբերվեցին Հարությունյանին առաջադրված մեղադրանքին: Սակայն առ այսօր նրան ներում շնորհելու խնդրանքով նախագահին դիմել են միայն Հարությունյանի մայրն ու Առնո Խիդիրբեգիշվիլին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-: