Մարտունու շրջանի Ճարտար գյուղում փետրվարի 1-ից գործում է «Ղարաբաղ կարպետ» ՍՊ ընկերության մասնաճյուղը:
Ճարտարի գորգագործական արտադրամասի աշխատատեղերի թիվը կկրկնապատկվի
Մարտունու շրջանի Ճարտար գյուղում փետրվարի 1-ից գործում է «Ղարաբաղ կարպետ» ՍՊ ընկերության մասնաճյուղը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ (Կարինե Դադամյան) զրույցում մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը նշել է, որ ներկայումս արտադրամասում 10 հաստոցների վրա աշխատում են 25 գորգագործներ: Տնօրենի խոսքով, գորգագործների պատրաստման հարցում զգալի աջակցություն է ցուցաբերել Ճարտարի արվեստի դպրոցը, որտեղ բացված կարպետագործության բաժնում հետաքրքրվողներին ու դիմողներին սովորեցնում են արցախյան գորգագործության նրբություններն ու գաղտնիքները:
«Արդեն 10 գորգ են գործել, որոնք նախատեսված են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաների համար»,- ասաց տնօրենը` հավելելով, որ գորգերի գործվածքի մեջ պահպանվում են արցախյան ավանդական գորգագործության նրբությունները:
Շենքային պայմաններն, ըստ տնօրենի, թույլ են տալիս ընդլայնելու գործունեության շրջանակը: «Մոտ ժամանակներս արտադրամասը կհամալրվի ևս 5 հաստոցով, աշխատողների թիվը կհասնի մոտ 50-ի»,-ասաց Վ. Մովսիսյանը և ավելացրեց, որ աշխատավարձերը գործավարձային են և գործած մեկ քառակուսի.մետրի համար վճարվում է 50 հազ. դրամ: