Ընթացիկ տարում ԱՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստական աշխատանքներ կտարվեն Արցախի Հանրապետությունում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք (azdararnkr.am) ստեղծելու համար:
Հրապարակային ծանուցումների համար պաշտոնական կայք կգործի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նախարարի խոսքով՝ հարթակը հնարավորություն կտա պետական կառույցներին, կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին տեղադրել իրենց հայտարարությունները, ինչը հասանելի կլինի բոլորի համար:
«Հարթակը բաց է լինելու բաժանորդագրության համար, և քաղաքացիները էլեկտրոնային եղանակով հնարավորություն կունենան ստանալու իրենց հետաքրքրող ոլորտի մասին հայտարարությունները: Պետք է նշեմ, որ Հայաստանում գործում է նույնատիպ azdarar.am էլեկտրոնային հարթակը, որով մարդիկ համացանցի միջոցով տեղեկանում են հրապարակային ծանուցումների մասին: Արցախի Խորհրդարանին արդեն իսկ ներկայացված է համապատասխան օրենք, որի ուժի մեջ մտնելուց հետո հարթակը կսկսի գործել: Բոլոր այն հայտարարությունները, որոնք պարտադիր կերպով հրապարակվում են լրատվամիջոցներում, կտեղադրվեն նաև azdararnkr.am կայքէջում»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: