«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի Արմինե Ղալայանի և Ասկերան քաղաքի բնակչուհի Անահիտ Ղազարյանի ընտանիքներին:
«Արարիչ» հիմնադրամը հերթական բարեգործություններն է իրականացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նարեկ Ավետիսյանն ասել է, որ Ղազարյանների ընտանիքին տրամադրվել է գազօջախ, իսկ Ղալայանների ընտանիքին հեռուստացույց:
«Անահիտ Ղազարյանը բազմազավակ մայր է, ունի ութ երեխա:Զավակներից մեկը ծանր հիվանդ է, ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է: Տանտիկինը, ստանալով իր համար գուցե և երազանք դարձած գազօջախը, շնորհակալություն հայտնեց «Արարիչ» բարեգործական հիմնադրամին և արժևորեց նրա գործունեությունը: Ղալայանների ընտանիքն ունի երեք զավակ: Երեխաների սրտի երազանքն էր ունենալ հեռուստացույց, և ի վերջո այն վերածվեց իրականության: Ասել է թե երեխաների սրտի ցանկությունն իրականացնելն ինքնին երջանկություն է»,- մասնավորապես ասել է Ն. Ավետիսյանը: