Արտակ Բեգլարյան. Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է
Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել՝ Քարվաճառում ՀԷԿ-երի կառուցման դեմ: Այսօր լրանում է հացադուլի 12-րդ օրը:
Արտակ Բեգլարյան. Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս հարցի շուրջ ArmDaily.am-ին զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
- Պարոն Բեգլարյան, հունվարի 31-ին հանդիպեցիք Ալեքսանդր Քանանյանի հետ. Որ՞ն էր ձեր հանդիպման առանցքային նպատակը:
- Հանդիպման հիմնական նպատակն էր տեղում հասկանալ նրա առողջական վիճակը և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքն ու առաջ գնալու քայլերը: Ինձ համար այս պահին կարևորն այն է, որ Քանանյանի ու կառավարության միջև փոխհամաձայնությունը կայանա, և Քանանյանը դադարեցնի հացադուլը, ինչը կվերացնի նրա առողջության ու կյանքի հանդեպ եղած վտանգները:
- Ինչպիս՞ին էր նրա ինքնազգացողությունը Ձեր հանդիպման պահին և ինչպե՞ս է գնահատվում նրա առողջական վիճակը:
- Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը վատ չէր, սակայն ուներ որոշակի թուլություն և արյան ճնշման հետ կապված խնդիրներ: Բժիշկը օրը երկու անգամ զննում է նրան, և առողջության կտրուկ վատթարացում դեռևս չի արձանագրել, բարեբախտաբար:
- Որոն՞ք են լինելու նրա հետագա քայլերը:
-Այս պահին մի քանի հարց է մնացել համաձայնեցնել կառավարության և Քանանյանի միջև, որոնք վերաբերում են գլխավորապես ձևավորվող հանձնաժողովին: Նա սպասում է տվյալ հարցերի հստակեցմանը, որից հետո խոստացել է դադարեցնել հացադուլը:
- Արցախի կառավարությունը ընդառաջ քայլ կատարե՞լ է՝ Քանանյանի ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարի դադարեցման ուղղությամբ:
- Այո, կառավարությունն ընդառաջ քայլեր կատարել է բանակցությունների մեկնարկից սկսած: Մասնավորապես, հացադուլի երկրորդ օրը դադարել են շինարարական աշխատանքները, հետո կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողով ձևավորելու և դրա այնպիսի կազմ ու կառուցվածք ընտրելու, որն ընդունելի կլինի նաև Քանանյանի համար: Բացի դրանից, կառավարության կողմից բանավոր հավաստիացում է եղել, որ աշխատանքները չեն վերսկսի, քանի դեռ հանձնաժողովը վերջնական եզրակացություն չի ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքում: Այս բոլոր կետերը Քանանյանի պահանջների մեջ մտնում էին: Տեղեկացնեմ նաև, որ Քանանյանը ևս որոշ նախնական պահանջների մասով դիրքորոշման մեղմացման է գնացել:
- Բանակցությունների ընթացքում որևէ խոչընդոտ կամ դժվարություն առաջացե՞լ է:
- Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է:
Դժվարությունները վերաբերում են կողմնակի հարցերին, առավելապես՝ տեղեկատվական բնույթի, որոնք բացասականորեն են անդրադառնում բանակցությունների ընթացքի վրա: Որոշ դժվարություններ կան նաև հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող մանրամասների համաձայնեցման առումով. ինչպես ասում են, սատանան մանրուքներում է:
- Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
- Ստեղծված իրավիճակի կարճաժամկետ հանգուցալուծումն այն է, որ կառավարության և Քանանյանի միջև փոխհամաձայնությունը կայանա, Քանանյանը դադարեցնի հացադուլը, և փոխադարձաբար վստահություն վայելող հանձնաժողովը սկսի ուսումնասիրությունը:¬ Իսկ ավելի երկարաժամկետ հանգուցալուծումը ենթադրում է մասնագիտական ուսումնասիրություննե¬րի արդյունքների հիման վրա պետական քաղաքականության և պետական ու հանրային վերահսկողության արդյունավետության այնչափ բարձրացում, որի արդյունքում ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման բնապահպանական ու հարակից ռիսկերը կդառնան ընդունելի ու կառավարելի հասարակության և հատկապես տվյալ համայնքների բնակիչների համար: