«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանի անձնական միջոցներով ՝ Արցախի պետական երգչախմբին է նվիրաբերվել նոր դաշնամուր:
Արցախի պետական երգչախմբին նոր դաշնամուր են նվիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանն ասել է, որ իրենք երկար էին սպասում այս պահին:
Նրա խոսքով՝ նոր դաշնամուր ունենալու անհրաժեշտությունը շատ կարևոր էր ու առաջնահերթ: «Մենք ունեինք դաշնամուր, սակայն այն գտնվում էր շատ վատ վիճակում, վերանորոգման կարիք ուներ: Նոր երաժշտական գործիքը մեր աշխատանքին նոր որակ կհաղորդի»,- տեղեկացրել է Ն. Գրիգորյանը՝ իր և երգչախմբի ողջ կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն հայտնելով «Արարիչ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:
Կ. Սարգսյանն էլ իր հերթին բարձր է գնահատել Արցախի պետական երգչախմբի կատարած աշխատանքը և նշել, որ հիմնադրամն այսուհետ ևս կշարունակի իրականացնել արվեստի զարգացմանը միտված բարեգործական ծրագրեր:
«Ինքս կապված եմ երաժշտության հետ, սիրով և ըմբռնումով եմ մոտենում մշակութային ոլորտի ցանկացած ծրագրի իրականացմանը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր պահպանել ու պաշտպանել է մեր ազգային գործիքները: Հայկական մշակույթն առաջին հերթին մեր ինքնության պահպանման խարիսխն է և մեր ազգային ոգու արժանապատվությունը»,- մասնավորապես ասել է Կ. Սարգսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-: