ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեսակապով Լիբանանից միացած «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ ճանապարհները հիմնականում բաց են, արդեն ազատ տեղաշարժի խնդիր չկա:

«Այլ հարց էր, որ կան ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ: Պետությունը ֆինանսատնտեսական առումով բավական դժվարին իրավիճակում է: Դրամատները շատ սահմանափակ գործունեություն են իրականացնում, հատկապես դոլարի հետ կապված: Այս ամենը բերում է տնտեսական անկման, թեպետ մեծ ճիգերով լիբանանյան արժույթն է պահվում: Լիբանանի տնտեսությունը շատ է դոլարիզացված, ինչը ճիշտ չէ, ու նման իրավիճակներում բացասական ազդեցությունն ակնհայտ երևում է»,-ասաց Շահան Գանտահարյանը

Լիբանանում ակտիվ ցույցերը մարել են, սակայն խնդրի հանգուցալուծումը չի երևում: Նոր ձևավորված կառավարության աշխատանքային ծրագիրը պատրաստ է, որը շուտով կդրվի վավերացման: Առաջնահերթ խնդիրներն են ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու  անելիքները հստակեցնելն է: Շահան Գանտահարյանը նշեց, որ Լիբանանը տնտեսական պաշարման մեջ է և այստեղ արտաքին դերակատարների ազդեցությունը կա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս ընդգծեց արտաքին գործոնի լուրջ ազդեցությունը: Ըստ նրա՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առանց արտաքին լուրջ աջակցության Լիբանանը չի կարող հաղթահարել տագնապը, սակայն ԱՄՆ-ն օգտագործում է իրավիճակը Հեզբոլլահի դիրքերը թուլացնելու համար: Սաուդիան Արաբիայի հարաբերությունները Լիբանանի հետ վերջին երկու տարվա ընթացքում բավականաչափ սրվել են:

«Ֆրանսիայի գործոնն էլ կա: Տարիներ առաջ Ֆրանսիայում նախաձեռնվեց մեծ հավաք Լիբանանի տնտեսությանն աջակցելու համար, սակայն փաստացի այս ձևաչափը ևս չի աշխատում: Լիբանանի նոր կառավարությունն էական կախվածություն ունի Հեզբոլլահից, սա ևս պատրվակ է, որ արևմտյան դերակատարները, Սաուդիա Արաբիան ֆինանսատնտեսական առումով քայլեր չիրականացնեն Լիբանանին աջակցելու համար»,-ասաց  նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք պետք է լինեն Հայաստանի անելիքները ճգնաժամի սրացման դեպքում, հաշվի առնելով Սիրիայի օրինակը, բանախոսները նշեց, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Առաջարկվեց նման իրավիճակներում ստեղծել համայնք-պետություն մեխանիզմներ, անցկացնել խոհրդակցություններ, քննարկումեր տարբեր իրավիճակներ հաղթահարելու համար:  Հարցին, թե արդյոք տեղաշարժեր կան հայ համայնքում, Շահան Գանտահարյանը նշեց, որ ցանկացած ճգնաժամ հանգեցնում է արտահոսքի, այս դեպքում ևս դա նկատվում է, սակայն զանգվածային բնույթ չի կրում:

Լիբանանում հասարակությունը սպասում է կտրուկ փոփոխությունների, սակայն Շահան Գանտահարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում մի անգամից համակարգային փոփոխություններ անել հնարավոր չեն:

«Մենք պետք է նկատի ունենանք, որ միանգամից ամբողջական անկախ կառավարություն կազմելը լիբանանյան միջհամայնքային համակարգով ղեկավարվող և այդ համայնքներում գործող հիմնական կուսակցությունների թելադրանքն ունեցող որևէ պետական հաստատություն միանգամից չի կարող ձևափոխվել: Հասարակության կողմից հիմնական նպատակ է դրվել, որ Լիբանանի այս միջհամայնքային համակարգն անցում կատարի դեպի քաղաքացիական պետություն, ինչն ընդունվել է նաև իշխանության կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ ցուցարարներն անմիջական գործողություններ են պահանջում, սակայն այս ընդհանուր համակարգը չի կարելի մի անգամից փոխել: Փուլային տարբերակներ են պետք»,-հավելեց  Շահան Գանտահարյանը:

2019 թվականի աշնանից Լիբանանում սկսվեցին բողոքի ցույցերը՝ ընդդեմ գործող իշխանությունների: Հասարակությունը դժգոհում էր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից և պահանջում էր բարեփոխումներ: Լիբանանյան իրադարձությունները, սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը, տարեվերջին անցում կատարեցին քաղաքական հարթություն և վերածվեցին վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակվել Հեսան Դիաբը: Ձևավորվել է կառավարության նոր կազմը: