Բնակարանաշինության և բնակպայմանների բարելավման ուղղությամբ ԱՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներից բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Պաշտպանության բանակի, Արցախի ներդրումային հիմնադրամի և այլ մասնավոր ներդրումների հաշվին ընթացիկ տարում ևս կիրականացվեն բնակարանների և բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ:
Բնակարանաշինության ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների գումարը 2020 թ.-ին կկազմի ավելի քան 2 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՝ բնակարանաշինության ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների գումարը 2020 թվականի համար կազմում է 2 միլիարդ 250 միլիոն 471 հազար դրամ, որը կուղղվի փոխանցվող և վերանորոգվող օբյեկտների ավարտմանը, ինչպես նաև նոր օբյեկտների սկսմանը:
«Կապիտալ ներդրումների ծրագրով ընթացիկ տարում շարունակվելու են 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին նոր բնակելի տներ հատկացնելու աշխատանքները: Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակում 2020 թվականին ավարտին կհասցվի 28 բնակարան ևս 19-ի շինարարությունը կսկսվի: 2 ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում, 11 ընտանիքի համար կգնվի նոր տուն: Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների կառուցում և վերանորոգում ծրագրով ավարտին կհասցվի 5-ը, կկառուցվի 1 բնակարան: Վերանորգման դիմաց 11 ընտանիքի կհատկացվի փոխհատուցում, կգնվի 4-ը»,-նշել է Հ.Թադևոսյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների կառուցում և վերանորոգում ծրագրով այս տարի շահագործման կհանձնվի 12 բնակարան, 8 ընտանիքի փոխհատուցում կտրամադրվի, իսկ 7-ի համար կգնվի նորը: Ի դեպ, բնակարանաշինության վերակառուցում–վերանորոգում ծրագրով` այս տարի կմեկնարկի Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի N 120 հասցեում գտնվող նախկին հանրակացարանի 50 բնակարանոց բնակելի շենքի մոնտաժման և վերակառուցման աշխատանքները: Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղու N 8 բազմաբնակարան շենքում էլ նախատեսվում են կատարել ուժեղացման աշխատանքներ: