Artsakhpress

Քաղաքական

Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական դինամիկա է արձանագրում

Սիրիան դարձավ երկրորդ արաբական երկիրը Լիբանանից հետո, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական դինամիկա է արձանագրում

Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական դինամիկա է արձանագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2020 թվականի փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ առաջին քայլ կարելի է համարել 2014 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունը, երբ վերջինս AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայում տեղի ունեցող վայրագությունները համեմատեց Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի ոչնչացման հետ: Դրանից օրեր անց ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնեց այս կառույցում Սիրիայի դեսպանը: Ավելի ուշ՝ 2015 թվականին, Սիրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ հատուկ նիստով հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անհերքելի է, որ Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հիմքում մի շարք գործոններ են ընկած, որոնցից ամենակարևորը, թերևս, Սիրիայում առկա հակաթուրքական տրամադրություններն են: Դամասկոս-Անկարա հարաբերությունները հասել են լարվածության այնպիսի մակարդակի, որ սիրիական իշխանությունները չեն խորշում հնարավոր բոլոր գործիքների կիրառումից: Մասնավորապես, իր դերակատարումն է ունեցել վերջին ամիսներին Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, իսկ վերջերս նաև Իդլիբ և Հալեպ նահանգներում տիրող գերլարված իրավիճակը:
Առհասարակ, վերջին տարիներին որոշակի դրական դինամիկա է նկատվում Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, ինչը դարձյալ մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության մեծացմանը միտված Անկարայի քաղաքականությունը զգալի հակազդեցություն է առաջացնում արաբական երկրների շրջանում: Մասնավորապես, արաբական մեկ այլ առանցքային երկիր՝ Եգիպտոսը, ևս առաջին քայլերն է ձեռնարկում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: 2016 թվականին Եգիպտոսի խորհրդարանում քննարկման էր դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ 2019 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում բարձրաձայնել է այն մասին, որ 100 տարի առաջ իր երկիրն ապաստան է տվել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին: Կարելի է ակնկալել, որ Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշակիորեն կնպաստի հետագայում արաբական մյուս երկրների կողմից նույնանման որոշման կայացմանը:
Հատկանշական է, որ 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունվել նաև Լիբիայի (Տոբրուքի կառավարության) կողմից: Նշենք, որ հայտարարությունն ընդունվել է Լիբիայում գործող երկու ուժերից մեկի՝ գեներալ Հաֆթարի Լիբիայի Ազգային բանակի կողմից, որին աջակցում են ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և այլն:
Խոսելով այս տարածաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչումը խթանող գործոնների մասին՝ չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին տարիներին զգալի ջանքեր է գործադրում մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակ տեղափոխելու ուղղությամբ, ինչն իր բնական անդրադարձն է ունենում նաև այս հարցի վրա: Նույն Սիրիայի պարագայում, Հայաստանը, մշտապես հանդես գալով հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և պահպանելով դրական չեզոքություն, էական քայլեր է ձեռնարկել նաև երկրում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, այդ թվում՝ նախաձեռնելով հայկական մարդասիրական առաքելության աշխատանքը Սիրիայում՝ դիտարկելով այն իբրև «բարոյական պարտքի վերադարձ» Սիրիայի ժողովրդին ավելի քան 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ընդունելու և ապաստան տալու համար: Եվ Սիրիայի խորհրդարանի կողմից վերոնշյալ բանաձևի ընդունումը նաև Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերություններում առկա դրական միտումների ցուցիչ է:
Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև այն աշխատանքը, որն իրականացվում է հայկական կառույցների և Սիրիայում հայ համայնքի, այդ թվում՝ Սիրիայի խորհրդարանում ներկայումս գործող 2 հայ պատգամավորների կողմից, ովքեր ընդամենը վերջերս՝ 2020 թվականի հունվարին, Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկել են հայ համայնքի հետ կապված հարցեր:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և առհասարակ Մերձավոր Արևելքում այս գործընթացի հետ կապված որոշակի դրական դինամիկայի հիմքում ընկած են մի շարք գործոններ, որոնց թվում Մերձավոր Արևելքում Հայաստանի պրոակտիվ և նախաձեռնողական քաղաքականությունն իր կարևոր տեղն ունի:
 
Արփինե Հովսեփյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search