ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանի ուղերձում նշված է. «Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար»։
Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ Արմեն Սարգսյանը ևս կարևորել է Երևան-Վիլնյուս ուղիղ ավիաչվերթի գործարկումը. «Հայաստանն ու Լիտվան ունեն դարավոր բարեկամական կապեր, որոնք վերջին տարիներին զարգացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Հավատացած եմ, որ առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերն ու մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկումը կնպաստեն թե՛ երկկողմ, և թե՛ Եվրոպական միության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացմանը», - ասված է ուղերձում: