Արցախի լրատվական դաշտը համալրվեց նոր տպագիր պարբերականով։
Արցախում լույս է տեսել նոր պարբերական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փետրվարի 17-ին լույս է տեսել ՙԱՀ խորհրդային սպաների միություն՚ ՀԿ ՙՊատիվ ունեմ՚-ՙЧесть имею՚ երկլեզու թերթի անդրանիկ համարը։
Այն տպագրվել է Ստեփանակերտի ՙԴիզակ պլյուս՚ հրատարակչության տպարանում՝ որպես սկիզբ առայժմ 1 մամուլ ծավալով և 250 օրինակ տպաքանակով։ Նույն օրը տպարանում տեղի է ունեցել նոր լուսընծա պարբերականի գինեձոնը՝ հիմնադիրների մասնակցությամբ։
Ինչպես հայտնել է թերթի խմբագիր Միքայել Հաջյանը, պարբերականը կոչված է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել խորհրդային ու հետխորհրդային շրջաններում հայրենիքի պաշտպանությանը նշանակալի ծառայություններ մատուցած հայազգի սպաների ու զորավարների, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում կարևոր ավանդ ներդրած այլազգի ռազմական գործիչների անցած մարտական ուղին։
Նրա խոսքով՝ նկատի առնելով, որ երկարամյա արժանապատիվ ծառայություն անցած հայ սպաներից շատերը ներկայումս վաստակած հանգստի մեջ են, թերթը կանդրադառնա նաև նրանց առօրյայում առկա կենցաղային հոգսերին ու խնդիրներին՝ հրավիրելով իշխանության և հասարակության աջակից ուշադրությունը։
Մ. Հաջյանն ասել է, որ կենսաթոշակի անցած կադրային զինվորականները պատրաստակամ են իրենց հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ մատուցելու իրենց փոխարինելու եկած նոր սերունդներին, ինչպես նաեւ էական նպաստ բերելու աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության առկա գործընթացին։ Ուստի՝ թերթն իր համարներում պարբերաբար կլուսաբանի հին ու նոր սերունդների այդ շփումներն ու համագործակցությունը՝ ի շահ մեր հայրենիքի ներկա և հետագա ապահովության ու անվտանգության։ Բացի այդ, պարբերականն իր հրապարակումներում կանդրադառնա նաև աշխարհի այլ երկրների զինված ուժերում ծառայող և բարի համբավ վայելող հայազգի ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը։
Խմբագրի հաղորդմամբ՝ այն առաքվելու է նաև ՌԴ հայկական համայնքներ՝ հանգամանքների բերումով մայրենի լեզվին ոչ միշտ հաղորդ մեր հայրենակիցների և, առհասարակ, ռուսալեզու ընթերցողների համար՝ ծառայելով որպես ևս մեկ օղակ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության դարավոր շղթայում։