«Գրիգոր Նարեկացի» համալսարանում կամակերպվել է միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան
ԱՀ գրողների միության և «Գրիգոր Նարեկացի» համալսարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 19-ին, բուհում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան:
«Գրիգոր Նարեկացի» համալսարանում կամակերպվել է միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը:
Նա տոնի առթիվ շնորհավորել է բոլորին և կարևորել գիրք ընթերցելը:
Վ. Հակոբյանի խոսքով՝ գիրքը բոլորի համար սրբություն է, որը դարեր շարունակ մարդուն առաջնորդում է ցանկացած իրավիճակում: Գրքով մարդիկ ճանաչում են իրենց:
«Եթե մենք գիրք չենք ընթերցում, նշանակում է` ճիշտ ուղի չենք բռնել: Եթե մենք լքում ենք գիրքը, նշանակում է` մենք հեռանում ենք մեր դիրքից: Այսօր մեկ անգամ ևս արժևորում ենք գրքի դերը և գիրք ենք նվիրում բոլոր նրանց, ովքեր ունեն գրքի կարիք»,- մասնավորապես ասել է Վ. Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա արմատներով արցախցի, փարիզաբնակ բանաստեղծուհի, թարգմանչուհի Քանաքարա Քոչարյանի խոսքով՝ զարգացման նախընթաց այս տեմպերին զուգահեռ՝ կյանքում առաջ է գալիս մի երևույթ, դա օտարումն է:
«Այդ երևույթը դանդաղ, բայց իր սև գործն է անում՝ օտարելով մեզ հոգևոր աշխարհից: Դրա կանխարգելիչ միակ միջոցը գրքի հզոր ուժն է: Խոսքս էլեկտրոնային գրքի մասին չէ, այլ այն գրքի, որը թերթելու, որին հպվելու հնարավորություն ենք ունենում, որտեղ բառ առ բառ հանգրվանում են մեր համոզմունքները, մտքերը, ինքնավերլուծման բազմաթիվ օրինակները: Առանց գրքի մենք գնում ենք դեպի հոգևոր քայքայում»,-ավելացրել է Ք. Քոչարյանը:
«Գրիգոր Նարեկացի» համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանն իր ելույթում ասել է, որ այսօր խոսվում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները գերազանցել են գրքին, բայց պետք է ասել, որ այն արժեհամակարգը, որը ձևավորում է գիրքը, անփոխարինելի է:
«Մարդուն կերտում է գիրքը, այն ինքնահաստատման, ինքնակրթության ու ինքնաճանաչման հրաշալի միջոց է: Այսօր դպրոցական ծրագրերում զետեղված չեն ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որի պատճառով էլ երիտասարդներն այնքան էլ ծանոթ չեն արդի գրողներին ու նրանց ստեղծագործություններին, որպեսզի կարողանան ժամանակի պահանջին համընթաց քայլել»,-նշել է Ա. Գրիգորյանը:
Գրիգոր Նարեկացի համալսարնի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, իրավաբանության ամբիոնի դասախոս Սոնա Համբարձումյանը մեզ հետ զրույցում կարևորել է օրվա խորհուրդը:
«Բուհում հաճախակի ենք նախաձեռնում նմանատիպ միջոցառումներ՝ համագործակցելով ԱՀ գրողների միության հետ: Մենք ցանկանում ենք, որ մեր սիրելի գրքերը ճանաչելի լինեն ընթերցողների շրջանում: Գիրք կարդալը շատ կարևոր միջոց է՝ գաղափարապես հարստանալու և ինքնադրսևորվելու»,-հավելել է Ս. Համբարձումյանը:
Ցերեկույթին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության մի խումբ անդամներ, ովքեր նաև ընթերցել են իրենց ստեղծագործություններից, որից հետո կազմակերպվել է խաղ-վիկտորինա:
Միջոցառման վերջում Վարդան Հակոբյանը «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի 2018-2019 թվականների միջոցառումներն ակտիվ և հետաքրքիր լուսաբանելու համար մի խումբ լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների, ինչպես նաև բուհի ընթերցասեր ուսանողներին հանձնել է պատվոգրեր,իսկ ներկաներին՝ գրքեր: