Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանում այսօր՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գրական-գեղարվեստական ցերեկույթ է կազմակերպվել:
Մայր բուհում նշվել է Գիրք նվիրելու օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը:
«Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է, ինչ նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնն ամեն անգամ աշխուժություն է պարգևում նաև մեր գրադարանին: Գիրք նվիրելը միշտ էլ հաճելի է և´ երեխաների, և´ մեծահասակների համար: Այն հոգևոր և մշակութային արժեք է, լավագույն նվեր ցանկացած տոնի առթիվ: Մեծագույն գանձը լավ գրադարանն է, ուստի պետք է հաճախ այցելել գրադարան՝ ամեն անգամ մի նոր բան սովորելու համար»,-մասնավորապես ասել է նա:
Միջոցառմանը ներկա ԱրՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրող Զարինե Սառաջյանն իր ելույթում ասել է, որ տոնը նշելը հարգանքի տուրք է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակին: «Թումանյանն իր 150-ամյա բարձունքից էլ այսօր արդիական է՝ իր արծարծած գաղափարներով ու խնդիրներով: Նրա ստեղծագործությունների ուղն ու ծուծը հեղեղված են համերաշխության, հումանիզմի կոչերով: Եթե յուրաքանչյուր մարդ իր մեջ գոնե մի կտոր Թումանյան ապրեցնի և ապրի ազգային ու համամարդկային արժեքներով, մեր երկրի հաջողություններն էլ ավելի շատ կլինեն: Հայ ժողովուրդը գրքի հանդեպ միշտ պաշտամունք է ունեցել: Հայ մայրն իր զավակին հավասար գիրքը գրկելով է փրկել կործանումից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գրադարանի աշխատակիցներին, ովքեր յուրաքանչյուր առիթ օգտագործում են գիրքն ընթերցողի հետ մերձեցնելու համար»,-մասնավորապես ասել է նա:
Ցերեկույթին ելույթներով ու ասմունքներով հանդես են եկել գրադարանի աշխատակիցներն ու համալսարանականները:
Միջոցառման վերջում գրադարանի կողմից ներկաներին գրքեր են նվիրել: