Ստեփանակերտում կայացել է «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը
Ստեփանակերտում այսօր կայացել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի համահեղինակած «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը:
Ստեփանակերտում կայացել է «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհանդեսին գրքի համահեղինակ Էդգար Էլբակյանն ասել է, որ տեղեկագրքում նկարագրվում են Ադրբեջանի Հանրապետության պատմության առանցքային դրվագները, ներկայիս քաղաքական և տնտեսական համակարգի, զինված ուժերի, սոցիալ-մշակութային կյանքի հիմնական առանձնահատկությունները։
«Տեղեկագրքի հիմքում ընկած է այն փիլիսոփայությունը, որ պետք է Ադրբեջանի ուղղությամբ հետազոտությունները հնարավորինս միֆազերծ դարձնել, որն այսօր օրախնդիր է: Աշխատությունն պարբերական թարմացման կարիք ունի և նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, պատմաբանների, դիվանագետների, քաղաքական գործիչների, ռազմական փորձագետների, ինչպես նաև տարածաշրջանով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար»,- նշել է Է. Էլբակյանը:
Նա տեղեկացրել է, որ հաջորդիվ նախատեսվում է ստեղծել Արդբեջանի պատմության մասին դասագիրք, որը որակական առումով կլրացնի ոլորտում առկա բացը:
Շնորհանդեսին ներկա ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարևորել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ աշխատանքը տարբեր ուղղություններով կշարունակվի:
«Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմի մեջ և անցնում ենք տարբեր փուլեր, մեզ հաճախ թվում է, թե Ադրբեջանին շատ լավ ենք ճանաչում: Սակայն իրականում մենք պետք է ավելի խորը ճանաչենք նրան` սկսած տարբեր մասնագիտություններից, որոնք մենք ունենք այսօր Արցախում և տարբեր կառույցներ, որտեղ իրականում լուրջ խնդիր ունենք լավ ադրբեջանագետներ ունենալու՝ և՛ լեզվի, և՛, առհասարակ, Ադրբեջանը ճանաչելու առումներով: Ադրբեջանը շատ բազմաշերտ է, և այնտեղ կան բազմաթիվ բարբառներ: Մարդիկ խոսում են տարբեր բարբառներով, և շատ ժամանակ խոսում են նաև մեզ համար ոչ ընկալելի լինելու համար: Այս իմաստով մենք խնդիր ունենք ոչ միայն ադրբեջաներենն ուսումնասիրելու, այլև խորքային իմաստով ճանաչելու այդ երկիրը: »,- նշել է Տ. Աբրահամյանը:
Իր հերթին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ասել է, որ տեղեկագիրքը հնարավորություն է տալիս ռեալ աչքերով տեսնելու Ադրբեջանը:
«Ճանաչելով Ադրբեջանը՝ բնականաբար, ավելի հասցեական և թիրախային որոշումներ կկայացնենք և գործունեություն կծավալենք, ինչն էլ մեր աշխատանքը կդարձնի էլ ավելի արդյունավետ: Հուսով եմ՝ հաջորդ աշխատություններում կներառվեն նաև մարդու իրավունքներին, ընդդիմադիրների իրավունքների ոտնահարումներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի տեղեկատվական համակարգին»,- ավելացրել է Ա. Բեգլարյանը:Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի պետական համալսարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև համագործակցության շրջանակում: