«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ պաշտպանության նորանշանակ նախարար և պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին:
Համոզված եմ՝ ռազմական գործչի Ձեր փորձն ու գիտելիքներն առավելագույնս կծառայեցնեք Հայոց բանակի հզորացմանը. Արայիկ Հարությունյանը՝ Ջալալ Հարությունյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգարժա՛ն պարոն գեներալ
Ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ռազմական գործչի Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս առավելագույնս կծառայեցնեք Հայոց բանակի հզորացմանն ու Արցախի սահմանների անառիկության ապահովմանը: Ձեր հոգատար հրամանատարության ներքո խաղաղ ու անփորձանք ծառայություն մեր բոլոր զինծառայողներին»,- գրել է Հարությունյանը:
Նա նաև հույս է հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն իր ռազմական ունակությունները կշարունակի կիրառել ի շահ Հայրենիքի:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։