Շուշիի տեխնոլոգիական համալսարանի սխեմոտեխնիկայի լաբորատորիայում հիմնադրվել է մասնագիտական գրադարան ռադիոէլեկտրոնիկայի, թվային էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի մասնագետների համար:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հիմնադրվել է մասնագիտական գրադարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում լաբորատորիայի ղեկավար, էներգետիկայի ամբիոնի դասախոս Սամվել Բեկթաշյանն ասել է, որ գրադարանը ստեղծվել է իր անձնական, ռադիոէլեկտրոնիկայի ինժեներ Գագիկ Գրիգորյանի նվիրաբերած 70 կտոր գրքերի, հանրագիտարանների, ձեռնարկների, արդյունաբերական և կենցաղային էլեկտրոնիկայի գրքերի հիման վրա:
Ս. Բեկթաշյանը նշել է, որ ռադիոէլեկտրոնիկայի, թվային էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի մասնագետների պատրաստման գործում գրականության պակասը լուրջ խնդիր էր. այժմ հարցը լուծվել է:
«Առանց հարուստ գրադարանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը չէր կարող կազմակերպել էներգետիկայի ամբիոնի աշխատանքը: Մենք՝ բնագետներս, այսօր մասնագիտական գրականության գլոբալ խնդիր ունենք: Եվ, բնականաբար, դժվարություններ էին առաջանում դասախոսների համար, որովհետև աղբյուրների, մասնագիտական գրականության պակաս կար: Կարծում եմ, որ մասնագիտական գրադարանը կհեշտացնի մեր աշխատանքը»,- ավելացրել է Ս. Բեկթաշյանը: