Ընթացիկ տարվա փետրվար ամսվա տվյալներով՝ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում «Վերին շնչառական ուղիների սուր վարակներ» ախտորոշմամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել է 459 դեպք, իսկ ստացիոնարը՝ 110 դեպք։
«Արևիկ» մանկական բուժմիավորումում հիվանդների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Մերի Հարությունյան) հետ զրույցում ասել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրենի տեղակալ Կարինե Թարխանյանը՝ մանրամասնելով, որ հիվանդանոցում այս պահի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 40-ից ավելի հիվանդներ։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ «Վերին շնչառական ուղիների սուր վարակներ» ախտորոշմամբ հիվանդների թիվն ավելացել է։ Վերջին օրերին գրանցվել է թոքաբորբի 11 դեպք։ Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների առկայությունը՝ պետք է կանոնավոր հետևել անձնական հիգիենային, ցանկալի է չշփվել հիվանդի հետ, պահել հեռավորություն՝ ոչ քիչ, քան 1 մետր, հաճախ լվանալ ձեռքերը և ախտահանել սպիրտով: Չնայած ցուրտ եղանակին՝ ամեն երեք-չորս ժամը մեկ պետք է օդափոխել սենյակը՝ ոչ քիչ, քան 15-20 րոպե»,- մասնավորապես ասել է Կ. Թարխանյանը։