2019 թվականին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալն Արցախում կազմել է 1 միլիարդ 140 միլիոն 700 հազար տոննա, որը, 2018թ. Նկատմամբ, աճել է 10.6 %-ով:
2019 թ.-ին բեռնափոխադրումների ծավալն Արցախում աճել է 10.6%-ով. Մանուշ Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2019թ. կազմել է 60.3 մլն տոննա-կմ, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 9.1 %-ով:
Ինչ վերաբերում է հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումներին, ապա 2019 թ.-ին դրանց ծավալը կազմել է 22.2մլն մարդ` նախորդ տարվա համեմատ աճել է 6 %-ով:
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2019թ. կազմել է 218 մլն ուղևոր-կմ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 4.4 %-ով: 2019թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 38.4 հազ.տ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 12 %-ով»,- մանրամասնել է Մ. Մինասյանը:
Անդրադառնալով կապի ոլորտին՝ ԱՎԾ նախագահն ասել է, որ Արցախում 2019 թ.-ին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 8.3 մլրդ. դրամ, որը, 2018թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 9.5%-ով: