2019 թվականին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձն Արցախում կազմել է 175.5 հազ. դրամ, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 8.9 %-ով:
2019 թ.-ին միջին ամսական անվանական աշխատավարձն Արցախում կազմել է 175.5 հազար դրամ. Մանուշ Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 169.6 հազ. դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 187.2 հազ.դրամ:
«Միջին ամսական իրական աշխատավարձը, նախորդ տարվա համեմատ, աճել է 8.1%-ով: Սահմանված նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ կազմել է 31.3%, իսկ նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ` 91.9%, միջին ամսական անվանական աշխատավարձի հարաբերակցությունը նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ կազմել է 293.3%»,- նշել է Մ. Մինասյանը:
ԱՎԾ նախագահը տեղեկացրել է, որ, ըստ ԱՀ արդարադատության նախարարության տվյալների, 2019թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 1251 սուբյեկտ, ընդ որում՝ 278 կազմակերպություն և 973 անհատ ձեռնարկատեր: Գրանցված փոփոխությունների քանակը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 739 սուբյեկտ՝ համապատասխանաբար 542 կազմակերպություն և 197 անհատ ձեռնարկատեր: