Արցախի և Հայաստանի հանրապետությունները համատեղ պետք է ավելի համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնեն 1988 թվականի Սումգայիթյան եղելությունը, քանի որ ադրբեջանական քարոզչությունը, մանավանդ վերջին տասնամյակում, բավականին ակտիվացել ու կեղծ տեղեկություններ է տարածում ադրբեջանահայության ցեղասպանությունների մասին:
Պետք է ավելի համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնեն Սումգայիթյան եղելությունը. ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ պետք է ավելի հետևողական լինել իրավական գնահատականների հասնելու և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու հարցերում:
«Ներկայումս որոշակի մեխանիզմներ, ընթացակարգեր մեզ համար հասանելի են, և պետք է մտածենք, թե ինչպես պատասխանատուներին և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկենք և համապատասխան իրավական գնահատական ստանանք միջազգային հանրության կողմից: Նաև մենք խնդիր ունենք հետևանքների վերացման ուղղությամբ՝ մասնավորապես ԱՀ-ում և ՀՀ-ում ապաստանել են բավականին շատ փախստականներ, որոնք առայսօր կրում են ցեղասպանության սացիալ-հոգեբանական հետևանքները: Իհարկե, պետությունը 90-ականներից ի վեր համապատասխան ռեսուրսների սղության պայմաններում օգնել է փախստականներին, որպեսզի ինտեգրվեն մեր հասարակությանը, բայց մենք լուրջ հետազոտություններ չունենք կատարած, որոնք մեզ պետք են գալու տարբեր ոլորտներում աշխատանքներ իրականացնելու համար»,-մասնավորապես ասել է Ա. Բեգլարյանը: