Ստեփանակերտի մշակույթի տան սաների թիվը տարեցտարի աճում է. տնօրենը պատմում է ձեռքբերումների մասին
Ստեփանակերտի մշակույթի տունը 2019 թվականին 156 միջոցառում է կազմակերպել:
Ստեփանակերտի մշակույթի տան սաների թիվը տարեցտարի աճում է. տնօրենը պատմում է ձեռքբերումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Մարինե Բալասանյան) հետ զրույցում ասել է Ստեփանակերտի մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսովը, մանրամասնելով, որ սաները մասնակցում են նաև Հայաստանում և արտերկրում անցկացվող միջոցառումներին և զբաղեցնում պատվավոր հորիզոնականներ:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի մշակույթի տունը գործում է 1938 թվականից՝ չնայած որոշ աղբյուրներում հիշատակվում են նաև 1950-ականները։ «Նախկինում Մշակույթի տունն ուներ ստանդարտ, ծրագրված գործունեություն։ Այժմ աշխատում է ազատ գրաֆիկով և ավելի լավ պոտենցյալ ունի։ Քաղաքում անցկացվող միջոցառումների զգալի մասը մշակույթի տան կողմից է կազմակերպվում, բացի մեծ մասշտաբով պետական միջոցառումներից, որոնց էլ ունենում ենք մեր մասնակցությունը կամ աջակցությունը տեխնիկայով»,- մասնավորապես ասել է Ռ. Ավանեսովը։
Նա նշել է, որ մշակույթի տունը նպաստում է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, և իրենք միջոցառումներով հանդես են գալիս նաև ՊԲ զորամասերում։ «Արդեն 6-րդ տարին է մշակութային միջոցառումներ են կազմակերպում նաև կալանավորների համար։ Տոնական օրերին հանդես ենք գալիս նաև նոր ու հետաքրքիր ֆորմատով՝ համերգային ծրագրերով աշխուժություն պարգևելով նաև քաղաքի կենտրոնական փողոցների բնակիչներին: Մշակույթի տանը գործում են դաշնամուրի, դհոլի, հարվածային գործիքների, ասմունքի, երգի, 20 պարաձևերի և այլ խմբակներ։ Ընդ որում հայկական պարերը դասավանդվում են անվճար։ Ստեփանակերտի մշակույթի տունն ապահովում է 400 երեխայի զբաղվածությունը։ 250 սան մշտապես հաճախում է մշակույթի տուն, որից 50-ը՝ անվճար։ Սաների թիվը տարեցտարի ավելանում է»,-նշել է նա:
Խոսելով 2020 թվականի անելիքների մասին՝ Ռ. Ավանեսովն ասել է, որ պետական տոների հետ կապված, միջոցառումների ծրագրերը շարունակվելու են, ամիսը երկու անգամ Շահումյանի անվան պուրակում կազմակերպվելու են տարբեր ոճի միջոցառումներ: