«Երևան-Ստեփանակերտ մշակութային կամուրջ» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա մարտի 20-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արցախի բալիկներ» և ՀՀ տարբեր քաղաքների պարային համույթները համատեղ համերգային ծրագրով կայցելեն N զորամաս:
«Երևան-Ստեփանակերտ մշակութային կամուրջ» ծրագրի շրջանակներում պարային համույթները հանդես կգան զորամասերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Ինգա Գրիգորյան) հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ բանակ-հասարակություն կապն ամրապնդող այդ ծրագիրը գործում է 2013 թվականից և կրելու է շարունակական բնույթ։
«Ծրագրի նպատակն է հետաքրքիր դարձնել բանակայինների առօրյան ու հայրենասիրություն սերմանել ապագա սերնդի մոտ։ Բավականին բարդ ծրագիր է և իրականացնելու համար մենք համագործակցում ենք «Սատարում հարազատ բանակին» ՀԿ ղեկավար Վերա Գրիգորյանի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ՊԲ-ի, ինչպես նաև «Չումբո» նախաձեռնող խմբի, Երևանի «Տարոն» գեղագիտական, «Արմ» պրոդյուսերական, «Վանք» մշակույթի կենտրոնների հետ։ Զորամասեր այցելում ենք զինվորների համար նախատեսված փոքրիկ ծանրոցներով»,-մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը։