Մարտի 3-ը նշվում է որպես գրողների միջազգային օր:
Այսօր գրողների միջազգային օրն է. Վարդան Հակոբյանն անդրադարձել է օրվա խորհրդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն ասել է, որ գրողի միջազգային տոնը կարևոր է այն տեսակետից, որ օրվա խորհուրդը ստիպում է ևս մեկ անգամ մտածել անելիքների մասին և արժևորել գրողի դերն ու նշանակությունը հասարակության շրջանում: Նրա խոսքով՝ գրողն իր առաքելությունը չի ստանձնում պարտավորված. այն Աստծո կողմից ի վերուստ տրված շնորհ է:
«Գրողի ամենակարևոր առաքելությունն անկողմնակալությունն է, որը, իհարկե , այնքան էլ հեշտ չէ: Ժամանակի գրողը պետք է լինի տվյալ ժամանակաշրջանի ստեղծագործողը: Բոլոր ժամանակներն էլ ունենում են իրենց դժվարությունները, սակայն գրողը չպետք է տրվի րոպեական զգացումներին, և դրա հիման վրա երկ ստեղծի: Գրողի մեջ մարդկության անցած ճանապարհի փորձ պետք է լինի: Յուրաքանչյուր գրող իր ստեղծագործությունների տողերում պետք է գտնի իր նկարագիրը, բնապատկերը, մարդկային բնավորությունները և այլն: Մենք պետք է կարողանանք Արցախյան հիմնախնդիրն արցախցու հոգեբանության մեջ ներկայացնել՝ այնուհետև գրի առնել գրքում»,-մասնավորապես ասել է Վ. Հակոբյանը:
Անդրադառնալով արցախցի գրողներին՝ մեր զրուցակցը նշել է, որ նրանք արցախյան գոյամարտի տարեգիրներն են:
Վ. Հակոբյանը հավատացած է, որ արցախյան գոյապայքարի մասին պիտի գրվի այնպիսի մի երկ, որը ներկայանալի կլինի ամբողջ աշխարհին:
Խոսելով խնդիրների մասին՝ ԱՀ գրողների միության նախագահն ասել է, որ արցախցի գրողների ստեղծագործությունները շատ քիչ են թարգմանվում:
«Ժամանակի ընթացում փոխվում են սերունդները, և այսօր արցախցի գրողները հանդես են գալիս համահայկական դաշտում՝ մասնակցելով մի շարք երկրներում կազմակերպված գրական փառատոներին, որոնց շրջանակներում քիչ թվով ստեղծագործություններ են թարգմանվում: Մեզ համար ուրախալին այն է, որ ունենք նվիրյալ երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր տարբերվում են իրենց ինքանտիպությամբ և ուրույն գրչով: ԱՀ գրողների միությունը տարվա ընթացքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ»,-ասել է Վ. Հակոբյանը:
Զրույցի վերջում նա շնորհավորել է աշխարհի բոլոր գրողներին և մաղթել բեղուն գրիչ, նորանոր վերելքների հաղթահարում և մտքի թռիչք: