Հաշվի առնելով գերազանցապես բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա նոր կորոնավիրուսի համաշխարհային սպառնալիքի ազդեցության անխուսափելիությունը Արցախում որոշակի միջոցառումներ են ձեռնարկվել այդ ազդեցության հնարավորինս մեղմացման ուղղությամբ:
Տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից Արցախի ներդրումային ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներ հերթական վճարումները չիրականացնելու դեպքում տուգանքներ չեն հաշվարկվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած կառավարության նիստին ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներն ընդունել են որոշումներ՝ համաձայն որոնց հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացնելու դեպքում հիմնադրամների կողմից այդ գումարները չեն համարվի ժամկետանց և չեն հաշվարկվի տուգանքներ: «Միաժամանակ, հիմնադրամների տնօրեններին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրել համաձայնություն հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման, մարումների հետաձգման համար»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը: