Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին հետաձգվել է Կաննի 73-րդ կինոփառատոնը:
Կաննի կինոփառատոնը հետաձգվել է. այն կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post պարբերականը, փոխանցում է tert.am-ը:
Մայիսի 12-23-ը ծրագրված կինոփառատոնի կազմակերպիչները մարտի 19-ին հայտարարել են, որ քննարկում են կինոփառատոնի հետաձգումը մինչ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ:
«Երբ Ֆրանսիայում և աշխարհում առողջապահության ոլորտում իրավիճակը մեզ թույլ տա գնահատել հնարավորությունները, մենք կտեղեկացնենք որոշման մասին»,-ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նկատում է, որ կազմակերպիչները դժկամորեն են հրաժարվել կինոփառատոնի անցկացումից: Բայց քանի որ համաճարակն արդեն տարածվել է ամբողջ Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի պես զանգվածային միջոցառման չեղարկումը անխուսափելի է դարձել:
Մարտի 14-ին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրամայել է ամբողջ երկրում փակել բոլոր ռեստորանները, սրճարաններն ու կինոթատրոնները: