Արցախում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակագրական առումով բնականոն հունի մեջ են:
Ամբողջությամբ բավարարվելու են գարնանացան մշակաբույսերի հայտերը. Ժիրայր Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ավելացրել, որ արդեն իսկ մեկնարկել են գարնանացանի ցանքսի աշխատանքները:
Նրա խոսքով՝ 20 000 հեկտարից ավելի գարնանացան 12 մշակաբույսերի հայտեր կան, որոնք ամբողջությամբ բավարարվելու են:
«Պետք է նշեմ, որ ներկայացված հայտերի քանակի և կանխատեսվող միջին բերքատվության դեպքում գարնանացան մշակաբույսերի մի քանի տեսակների, այդ թվում՝ սիսեռի, ոլոռի, ոսպի, լոբու և հնդկացորենի պարագայում ունենալու ենք ինքնաբավության ամենաբարձր աստիճանը: Այս պահի դրությամբ ունենք 70 հազար 500 հեկտարի վրա կատարված աշնանացան, որը թույլ է տալու մի քանի ամիս հետո ունենալ 65-70 հազար տոննա ցորեն, ինչն էլ 2 անգամ ավել է մեր ինքնաբավության մակարդակից»,- մանրամասնել է Ժ. Միրզոյանը:
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ինքնաբավության մակարդակը բարձր է լինելու նաև անասնակերի պարագայում, քանի որ եգիպտացորենի, գարու, կորնգանի, առվույտի բավականին շատ դաշտեր են նախապատրաստվել, և արդեն իսկ մեկնարկել են ցանքսի աշխատանքները: Ժ. Միրզոյանը նշել է, որ իրենց դիտարկումներում առկա պաշարները բավարար են, և մինչև բերքահավաք այս առումով որևէ խնդիր չի լինելու: