Թրամփն Ազգային գվարդիան կտեղակայի Կալիֆոռնիա, Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգներում
Միացյալ Նահանգների իշխանությունները փաստաթղթեր են ստորագրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով Ազգային գվարդիան Նյու Յորք, Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգներում տեղակայելու մասին:
Թրամփն Ազգային գվարդիան կտեղակայի Կալիֆոռնիա, Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է News.am-ը:
«Նյու Յորք, Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգները վստահ են, որ Ազգային գվարդիայի ուժերը կօգնեն այս ճգնաժամի դեմ ավելի արդյունավետորեն պայքարել: Մենք ստորագրել ենք այն [փաստաթղթերը], ինչն անհրաժեշտ է, այն ուժի մեջ է մտել,- ասել է նա: - Աշխատում ենք մյուս նահանգների հետ: Կառավարությունը ԱՄՆ Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության հետ (FEMA) վիրուսը կանգնեցնելու համար 100 տոկոսով կփակի Ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայման հետ կապված ծախսերը»:
«Ես խոսել եմ բոլոր նահանգապետերի հետ, նրանք ուրախ են այն բանի համար, ինչը մենք անում ենք: Դա նրանց առավելագույն ճկունություն կտա վիրուսի դեմ պայքարում գվարդիային ներգրավելու գործում, ես չեմ մտահոգվում ծախսերի մասին»,- հավելել է Թրամփը:
FEMA-ի ղեկավար Փիթ Գեյնորը, որը նույնպես մասնակցել է ճեպազրույցին, շեշտել է, որ ոչ մի խոսք չի գնում երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: Նրա խոսքով՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում տեղակայվող Ազգային գվարդիայի ստորաբաժանումները լինելու են տվյալ նահանգների նահանգապետերի ենթակայության տակ, այլ ոչ թե դաշնային կառավարության: «Սա ռազմական դրություն չէ»,- նշել է Գեյնորը:
Ջոնս Հոփքինս համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32 հազար դեպք: Մահացել է 409 մարդ: