««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի շուրջ 35 երթուղայինների կանգառներում տեղադրել է «ալկոգել»-ի տարաներ։
Կանգառներում ախտահանման միջոցներ են տեղադրվել. «Առողջ Արցախ» ծրագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության համահիմնդիր Սևակ Հակոբյանը՝ նշելով, որ ախտահանման միջոցներն ըստ անհրաժեշտության թարմացվելու են։
Ըստ Ս. Հակոբյանի՝ անհրաժեշտ է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունն իրենց կառույցն արտահայտում է այս ձևով։ Սոցիալական պատասխանատվություն է նաև պետական իշխանության այն պահանջների անվերապահ կատարումը, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում բնակչություն պաշտպանության համար կատարվող միջոցառումներին։
Մեր զրուցակիցը նշել է, որ նախաձեռնության իրականացմանն աջակցել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերությունը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ շուտով հանրապետությունում բնակվող մոտ 162 միայնակ ծերերին (որոնցից 112-ը՝ Ստեփանակերտում, իսկ 50-ը՝ տարբեր շրջաններում) որպես աջակցություն կտրամադրեն մեկամսյա սնունդ, հիգիենայի պարագաներ, բժշկական դիմակներ, «ալկոգել»-եր և ձեռնոցներ. այս նախաձեռնությունն իրականացվելու է «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի, ՍՊ ընկերությունների, ինչպես նաև անհատների համատեղ աջակցության արդյունքում: