Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել են իրականացվող աշխատանքների մասին ամփոփ տեղեկություններ:
Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց առայժմ չի քննարկվում. գործելու ենք ստեղծված իրավիճակին համապատասխան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդակցությունից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է պարենային ապահավվածության և ինքնաբավության վերաբերյալ խնդիրների լուծման ուղղությունները: Սահմանային հսկիչ կետերում իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ է հայտնել ԱՀ ոստիկանապետը:
«Խորհրդակցության ժամանակ հնչեցրած հանձնարարականներն ընթանում են ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Մենք կապի մեջ ենք լինում նաև հանրության հետ, որովհետև պարբերաբար տարբեր տեսակի հարցերի մասին են բարձրաձայնում, որոնց ևս արձագանքում ենք: Աշխատանքներին ներգրավված են բոլոր պետական մարմինները. անելիքները շատ են բոլոր ոլորտներում»,-մասնավորապես ասել է պետական նախարարը:
Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ Արցախում ևս հայտարարվի արտակարգ դրություն, Գ. Մարտիրոսյանը պատասխանել է, որ ներկա դրությամբ նման հարց չի քննարկվում. գործելու են ստեղծված իրավիճակին համապատասխան:
Ըստ Գ. Մարտիրոսյանի՝ սահմանային անցակետերում սահմանված է երկու տիպի հսկողություն. առաջինը Արցախի և Հայաստանի քաղաքացիների բժշկական զննությունն է, իսկ երկրորդը՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հսկողությունն է, որովհետև նրանց մուտքն այս պահի դրությամբ արգելափակված է, առավել ևս այն երկրների քաղաքացիներին, որոնք ռիսկային են համարվում վարակի տարածման առումով: Սահմանված երկու հսկողությունները համատարած իրականացվում են բոլոր քաղաքացիների շրջանում: