ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Լեռնիկ Հովհաննիսյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ մեր թատերական գործիչներին, թատրոնի նվիրյալներին ու թատերասեր հանրությանը: Թատրոնը մարդկության ստեղծած թերևս մեծագույն արվեստն է՝ ինտելեկտուալ ու միաժամանակ անչափ զգայական, հուզող ու ապրեցնող: Թատրոնը տակնուվրա է անում մարդու հոգին ու միտքը, այնուհետ երանելի հանգստություն բերելով՝ թռիչք պարգևում: Թատրոնը մեզ համար հոգևոր արժեքների պահպանման, զարգացման ու տարածման, ինչպես նաև հայապահպանության օջախ է: Արցախյան թատրոնն ունեցել և ունի հարուստ ավանդույթներ ու կենսագրություն, և այսօր էլ ունի նվիրյալներ, ովքեր արհամարհելով վտանգ ու անհարմարություն, բազում դժվարություններ հավատարիմ են մնացել թատրոնին ու հանդիսատեսին: Այսօր ունենք վերածնված ու կենսունակ թատրոն, որի արմատներն ամուր են, ճյուղերն էլ՝ ծաղկած:
Սիրելի ՛ թատերական գործիչներ, ձեր նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մարդիկ վերադառնում են թատրոն, թատրոնն էլ՝ մարդկանց սրտեր:Շնորհավորում եմ ձեզ, մաղթում բազում հաջողություններ, նոր ներկայացումներ, հրաշալի բեմեր: Եվ ամենակարևորը, մաղթում եմ ամենամոտ ապագայում վերադառնաք ձեր «հայրական տուն» ու վայելեք ձեր հանդիսատեսի անդավաճան սերը»: