Մեկ տարի առաջ եմ սկսել զբաղվել տիկնիկագործությամբ, քանի որ նկատել եմ, որ մեր օրերում մարդիկ դժվարանում են հետաքրքիր ու յուրահատուկ նվերներ մատուցել:
Արվեստը նաև եկամտի աղբյուր է դառնում. երիտասարդ տիկնիկագործ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտում արտադրվող «Տիկնիկներ Վիվիեն» ապրանքատեսականու հիմնադիր Սյուզաննա Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ տիկնիկագործությունը սովորել է ինքնուրույն:
Արցախում շատերն են զբաղվում տիկնիկագործությամբ, սակայն Սյուզաննայի կերպարային տիկնիկները տարբերվում են իրենց ոճով ու ձևով:
«Շուկայում շատ դժվար է կատարածդ աշխատանքով տարբերվելը: Պետք է ձգտել նորամուծություն մտցնել: Որպես արվեստագետ՝ ունեմ երևակայություն և բազում գաղափարներ, որոնք էլ երևում են իմ ձեռքով պատրաստած աշխատանքներում: Տիկնիկներ պատրաստելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ անհրաժեշտ է ժամանակ՝ նվազագույնը երեք օր, եթե հումքը լրիվությամբ կա, ինչպես նաև տրամադրություն, որովհետև ամեն մի աշխատանք պետք է սիրով կատարել: Ամսվա կտրվածքով պատրաստում եմ մոտ 5 տիկնիկ, իսկ եթե պատվերները շատ են լինում գրաֆիկը ծանրաբեռնվում է: Պատվերները ստանում եմ «Տիկնիկներ Վիվիեն» անունով ֆեյսբուքյան էջի միջոցով, հիմնականում Արցախից ու Հայաստանից, քիչ քանակությամբ նա՝ Ռուսաստանի Դաշնությունից և Եգիպտոսից: Գները տարբեր են՝ սկսած 10 հազարից»,-մասնավորապես ասել է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իր արվեստը նաև եկամտի աղբյուր է դառնում:
Անդրադառնալով «Տիկնիկներ Վիվիեն» անվանմանը, նա նշել է, որ «Վիվիեն»-ը ֆրանսիական կանացի անուն է, որը թարգմանաբար նշանակում է կենդանի, ապրող, շնչող. այդ նշանակությունն էլ փորձում է տիկնիկների մեջ արտացոլել, որպեսզի դրանք հնարավորինս պահանջված լինեն հանրության շրջանում:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ երիտասարդ տիկնիկագործն ասել է, որ ծրագրում է բացել խանութ-սրահ, որտեղ հնարավորություն կունենա ցուցադրելու գործերի ավելի լայն տեսականի: