Մեր առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն ներքին միասնության շնորհիվ. Արայիկ Հարությունյան
Շատ երկար եմ խորհել իմ թեկնածությունը առաջադրելու մասին, քանի որ շատ դժվար է սոցիալական մեծ խնդիրներ ունեցող երկրում տարիներ շարունակ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այնուհետև երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնել։
Մեր առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն ներքին միասնության շնորհիվ. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը՝ հանրապետության նախագահի պաշտոնի համար անցկացվելիք առաջիկա ընտրություններին:
-Իրականում շատ երկար եմ խորհել, քանի որ շատ դժվար է սոցիալական մեծ խնդիրներ ունեցող երկրում տարիներ շարունակ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այնուհետև երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնել: Ճիշտ է, անցած ավելի քան մեկ տասնամյակն Արցախի համար եղել է տնտեսության զարգացման, սոցիալական լարվածության թուլացման ժամանակահատված, բայց ես հասկանում եմ, որ չլուծված խնդիրները ևս շատ են, որոնք առաջ են բերում սոցիալական որոշակի խմբերի դժգոհությունը: Բայց քանի որ ունեմ այն համոզմունքը, որ մենք կարող ենք սկսածը շարունակել ավելի արդյունավետ եղանակով, հաշվի առնելով, իհարկե, կուտակված փորձը, ստեղծված մեծ կապերը, որոնք կարող են մեր ժողովրդի կյանքի որակը շեշտակի փոփոխել, որոշել եմ մասնակցել, և մեր հանրության դատին ներկայացնել մի ծրագիր, որն, իրավամբ, հեղափոխական է, հավակնոտ, բայց, միևնույն ժամանակ, իրատեսական:
-Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի ամենակարևոր դրույթները...
-Մեր նախընտրական ծրագիրն ընդգրկում է մեր ժողովրդի կենսագործունեության բոլոր ոլորտները: Ուստի այս առումով գուցե բոլորն էլ իրենց հերթին ամենակարևորն են, բայց հիմնական ուղղությունները, որոնք, մեր կարծիքով, ամենաշատն են հուզում մեր հայրենակիցներին, անվճար և որակյալ առողջապահական համակարգի ներդրումն է, մատչելի հիփոթեքը և անվճար ու որակյալ բարձրագույն կրթությունը: Ի դեպ, երեք ուղղություններով էլ նախորդ տասնամյակում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, բայց եղած հնարավորությունները թույլ չեն տվել այն հասցնել ցանկալի մակարդակի: Համոզված եմ, որ մեր հաջողության պարագայում, մենք կարողանալու ենք ապահովել այդ արդյունքները, քանի որ ստեղծված են բոլոր նախադրյալները:
Մեծածավալ ծրագրեր ունենք նաև տնտեսության զարգացման բնագավառում: Օրինակ՝ գյուղատնտեսությունում այգեգործության, անասնապահության, ոռոգման ցանցի ուղղություններում մեծ ներդրումներ ենք նախատեսում, որոնք իրենց հերթին ապահովելու են վերամշակող արդյունաբերության և ծառայությունների ոլորտի զարգացումը: Իսկ այս ամենը ենթադրում է հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծում և պետական բյուջեի եկամուտների ավելացում:Մի կարևոր դիտարկում ևս. մեր նախընտրական ծրագրի բոլոր դրույթների մասով կատարվել են հստակ հաշվարկներ, և քարոզարշավի ժամանակ՝ դրանք հանրությանը ներկայացնելու ընթացքում, տեղեկացրել ենք նաև, թե որ ծրագիրը, ժամանակի առումով, երբ ենք իրականացնելու: Մենք չենք ասում՝ միայն լավ է լինելու, այլ ներկայացնում ենք՝ երբ, ինչպես և, ամենակարևորը, որտեղից ենք գտնելու այն հսկայական միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն այդ ամենը կյանքի կոչելու համար:
-Արցախյան հիմնախնդրի լուծման Ձեր տեսլականը:
Մենք ունենք Սահմանադրությամբ ամրագրված հայրենիք, և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ունեցած կարգավիճակի՝ միջազգային հանրության կողմից ամրագրելուն: Խաղաղության պահպանման գործում շատ բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, սակայն գտնում ենք, որ բանակցային գործընթացում առանց պաշտոնական Ստեփանակերտի ներգրավման հիմնախնդրի խաղաղ և վերջնական կարգավորում հնարավոր չէ:
Ըստ Ձեզ՝ Արցախի ներկայիս Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի՞...
Կարծում եմ՝ հարցը պետք է հետագայում քննարկել ինչպես մասնագետների, այնպես էլ քաղաքական ուժերի և հասարակության հետ: Ամեն դեպքում, որոշակի խնդիրներ արդեն նկատելի են:
Համոզվա՞ծ եք, որ ընտրվելու դեպքում կկարողանաք կատարել ընտրողներին տված Ձեր խոստումները:
Եթե այդ համոզմունքը չունենայի, անկեղծ ասած, չէի էլ առաջադրվի: Այո, մենք կարող ենք, և պատերազմի ողջ դժվարություններն ու դառնությունները հաղթահարած մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի: Այս բարձր գիտակցումով էլ գնացել ենք քարոզարշավի՝ ինքներս մեզ հաշիվ տալով մեր տված ամեն մի խոստման համար:
Ձեր կարծիքով ինչպիսի՞ երկիր ենք ունենալու հինգ տարի անց:
Տնտեսապես շատ ավելի կայուն և զարգացած երկիր, որն ունակ է լինելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու իր քաղաքացու բարեկեցիկ կյանքն ապահովելու համար: Դա ցանկություն չէ, դա այն է, ինչ մենք տեսնում ենք, ինչ հաջողվելու է մեր նախանշած ծրագրերի արդյունքում:
Ընտրվելու դեպքում՝ առաջինը ի՞նչ հրաման կուզենայիք ստորագրել:
-Պետական բյուջեի փոփոխության: Մենք ավելի հավակնոտ բյուջե պիտի ունենանք: Դրա հնարավորությունները տեսնում եմ:
Ընտրողներին՝ ժողովրդին ուղղված Ձեր խոսքը:
Համերաշխ լինել մեկը մյուսի նկատմամբ: Ընտրություններից մենք պետք է դուրս գանք ավելի ամրացած: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր երկրի յուրաքանչյուր ընտրող գիտակցի, որ մեր առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն ներքին միասնության շնորհիվ: