Նավթի WTI տեսակի գինը մեկ բարելի համար 2002թ. ի վեր առաջին անգամ 20 դոլարից էլ պակաս ցուցանիշի է հասել:
WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Նավթի այս տեսակի մայիսյան ֆյուչերսների գինն արձանագրել է 8,52% անկում՝ մեկ բարելի համար հասնելով 19,98 դոլարի:
Ինչ վերաբերում է նավթի Brent տեսակին, ապա դրա հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 4,65%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 26,6 դոլար ցուցանիշի:
Ավելի վաղ նավթի գների անկմանը նաև նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։
Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալությունը, իր հերթին, կանխատեսել էր, որ 2020 թվականին նավթի ու գազի գները կշարունակեն ցածր մնալ: Moody’s-ի կանխատեսմամբ՝ Brent ապրանքանիշի նավթի գինն այս տարի կշարունակի մնալ մեկ բարելի համար 35-40 դոլարի սահմանում, իսկ հաջորդ տարի այն կաճի մինչև 45-50 դոլար: