ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ քննարկում չի ունեցել:
Կրեմլը վիճարկել է Թրամփի՝ նավթի հարցով ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի հետ քննարկում ունենալու մասին հայտարարությունը
«Նրանք կցանկանային ծավալների կրճատում, քանի որ դա լավ է իրենց երկրների համար, սակայն այդ մասին քննարկում չենք ունեցել»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նավթի գնի հետ կապված զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ, որն էլ, Թրամփի խոսքով, իր հերթին հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի խոսքով՝ և՛ Ռուսաստանը, և՛ Սաուդյան Արաբիան խոստացել են կրճատել նավթի արդյունահանման ծավալները։
«Հենց նոր խոսեցի ընկերոջս՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, որն իր հերթին խոսել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Ակնկալում եմ և լիահույս եմ, որ նրանք արդյունահանման ծավալները կկրճատեն մոտ 10 մլն բարելով կամ գուցե ավելի մեծ ծավալով: Եվ եթե նման բան տեղի ունենա, դա հրաշալի կլինի նավթագազային արդյունաբերության համար»,-ավելի վաղ գրել էր ԱՄՆ նախագահը:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ՌԴ նախագահի՝ նման խոսակցություն ունենալու լուրը։
Հիշեցնենք, որ նավթի գներն անկում են ապրել մարտի 9-ին, քանի որ Ռուսաստանը և ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցները նավթի արդյունահանման ծավալների շուրջ պայմանավորվածության չէին եկել։ Արդյունքում Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալները ընդլայնել՝ հասցնելով օրական մինչև 12 միլիոն բարելի և պաշարները շուկա հանել։ Արդյունքում հումքի գինը ռեկորդային 30 տոկոս անկում էր գրանցել։