Խուճապային տրամադրության պատճառ չկա, իրավիճակը վերահսկվում է. Գրիգորի Մարտիրոսյան
Չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, սակայն Արցախում որևէ խուճապային տրամադրության պատճառ չունենք, քանի որ մենք պատրաստ ենք և իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:
Խուճապային տրամադրության պատճառ չկա, իրավիճակը վերահսկվում է. Գրիգորի Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա հորդորել է բնակիչներին առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին:
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին:
Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող կանխարգելիչ քայլերին՝ պետնախարարը նշել է, որ դրանք կյանքի են կոչվում 4 հիմնական ուղղություններով: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում առողջապահական համակարգի կարողությունների և հնարավորությունների պատրաստվածության աստիճանի բարձրացմանը, այդ թվում նյութատեխնիկական ապահովմանը և համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների ընդլայնմանը:
Բացի դրանից, վարակի ներթափանցման ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ սահմանային բժշկական հսկողությունը վերջին շրջանում առավել խստացվել է: Վերանայվել է բոլոր պետական մարմինների աշխատանքային ռեժիմը՝ հիմնականում անցում կատարելով հեռավար աշխատանքի: Ախտահանվում են ինչպես Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները, այնպես էլ հանրապետության ներսում գործող հասարակական տրանսպորտը: Բացի դրանից, ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև առավել խոշոր առևտրային կենտրոններում և հասարակական օբյեկտներում: