Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Սահակյանը ստորագրել է Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը ստորագրել է Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր

Նախագահ Սահակյանը ստորագրել է Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, 
 
Սույն թվականի մարտի 19-ին, կառավարության նիստում, որտեղ քննարկվել է «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստականության մասին» հարցը, ես մեր քաղաքացիներին տեղեկացրել էի բոլոր ձեռնարկվող միջոցների մասին: 
Այնտեղ նշել եմ, որ կառավարության կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները մեր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, և որ այդ աշխատանքները կկրեն մշտական բնույթ: 
Նաև նշվել է, որ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կիրականացվեն լրացուցիչ քայլեր, և մեր քաղաքացիները այդ մասին անմիջապես կտեղեկանան: 
 
Օբյեկտիվ պատճառներով այնպես է ստացվել, որ աշխարհում այդ վարակի տարածումը համընկել է մեր հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարևորագույն համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ: 
 
Ստեղծված պայմաններում մենք պետք է անեինք ամեն ինչ, որպեսզի և՛ ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, և՛, ամենակարևորը, ապահովվի բնակչության առողջությունը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարավոր ռիսկերից: 
 
Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարևոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով: 
 
Այդ իսկ պատճառով իրականացվել են կառավարության որոշումներով նախատեսված այն բոլոր համալիր միջոցառումները, որոնք ենթադրում է կորոնավիրուսի դեմ պայքարը, և որոնք այսօր գործում են տարբեր երկրներում: Հանրապետությունում վարակի տարածման դեմ պայքարը չի դադարել ոչ մի րոպե: Ակտիվորեն աշխատում է միջգերատեսչական հանձնաժողովը, և օպերատիվ կերպով լուծվում են բոլոր դրված խնդիրները: 
 
Հատուկ կուզենայի նշել, որ մեր երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Եվ բոլոր ծագող հարցերի շուրջ իմ կողմից մշտապես անց են կացվում քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: 
 
Այս աշխատանքների իրականացումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է հսկայական պատասխանատվության և բարձր գիտակցության զգացում: Մեր կողմից արվում է  հնարավորը այս ուղղությամբ: 
 
Եվ որևէ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ այն քաղաքականությունը, որը մեր կողմից իրականացվել է ստեղծված պայմաններում, եղել է համակողմանիորեն մշակված, ու որ դրա հիմքում ընկած էին և՛ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ բոլոր միջոցների ձեռնարկումը, և՛ սահմանադրական խնդիրների լուծումը՝ ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի, ի շահ մեր պետականության ամրապնդման: 
 
Դեռևս պարզ չէ, թե ինչքան կտեւի այս համաճարակը, և այն ինչ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Պետության կողմից պետք է արվի հնարավորը մեր երկրում տնտեսական ճգնաժամը կանխելու ուղղությամբ: 
 
Եվ այս պարագայում պետք է լինի ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանություն, որը, օգտագործելով օրենքով սահմանված իր լիազորությունները, կանի հնարավոր ամեն ինչ ապագա բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար: Ստեղծված լրջագույն պայմաններում մեզ, ինչպես երբեք, պետք է ընտրված լեգիտիմ իշխանություն: 
 
Մեզ հաջողվեց Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում մարտի 31-ին համատեղ ուժերով անցկացնել համապետական ընտրությունները: Ինչպես գիտեք, ընտրվել է Ազգային ժողովի նոր կազմ: Սակայն նախագահական ընտրությունների արդյունքները ենթադրում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որը նախատեսված է ապրիլի 14-ին: 
 
Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ, չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տևական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձանագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ, 
 
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաեւ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման եւ առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից, 
 
հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները, 
 
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ և 133-րդ հոդվածները Արցախի Հանրապետության Նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացման նպատակով, և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, 
 
նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման և վարակված անձանց առկայության և նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, հավաքների ազատության, սեփականության իրավունքի և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու, 
 
և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին եւ  5-րդ հոդվածներով` ես ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի՝ 
 
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ՝ հայտարարվել է արտակարգ իրավիճակ: 
 
Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար իմ կողմից պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 
 
Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները: 
 
Հրամանագրով սահմանվել են արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները: 
 
Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարեւորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: 
 
Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական եւ սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք եւ չեզոքացնենք բոլոր բացասական հետեւանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարևորագույն շրջանը ևս: 
 
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ ընդունվող որոշումներին, խստորեն հետեւել նախատեսված միջոցների եւ հանձնարարականների կատարմանը: 
 
Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն՝ հանուն մեր երկրի և քաղաքացիների բարեկեցության, մեր ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի: 
 
Բոլորիս մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ և ամենայն բարիք 
Շնորհակալություն»:
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search