Artsakhpress

Մշակույթ

Սյունիքն ու Արցախը կապող կամրջի հենասյունը. Հոչանց գետով են երիզվել նրանց սահմանները

Արցախի Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցն սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Դալիդաղ եւ այլ լեռների աղբյուրներից։

Սյունիքն ու Արցախը կապող կամրջի հենասյունը. Հոչանց գետով են երիզվել նրանց սահմանները

Սյունիքն ու Արցախը կապող կամրջի հենասյունը. Հոչանց գետով են երիզվել նրանց սահմանները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԳետն անցնում է խոր կիրճերով ու Հոչանց սարի արեւելյան կողմում միանում Հակարիի արեւելյան վտակ Շալուային, եւ միասին հոսում են ցած, խառնվում Աղավնոյին։

Հոչանց գետով են ինչ-որ ժամանակ երիզվել Սյունիքի եւ Արցախի սահմանները։ Նույն գետի վրա կառուցված կամուրջներով են մեր նախնիները կապ հաստատել միմյանց հետ։ Գետի աջափնյա եւ ձախափնյա բարձրադիր սարալանջերում, ձորակներում դեռեւս վաղնջական ժամանակներում գոյություն են ունեցել տասնյակ բնակավայրեր, մի քանի ամրոցներ, որտեղ մեր պապերն են բնակվել, ամրացել ու մարտնչել թշնամու դեմ։ Այս բնակավայրերի մասին հիշատակում են Սյունիքի պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, այլ մատենագիրներ, ճանապարհորդներ։ Հոչանցի վերին հոսանքում՝ հիմնականում աջակողմյան ալպիական գոտում բազում են բնակատեղիները, դամբարանադաշտերը, պատմական փարախները, ամրոցները, որոնք հատկապես գոյություն են ունեցել դեռեւս նախաքրիստոնեական շրջանում։ Միջնադարում այս տարածքում են եղել Սպիտակաջուր, Շրվական, Արվական, Սոնասար, Մշենի, Հոչանց, Կատոս եւ այլ բանավայրերը, որոնց մասին հիշատակում է Օրբելյանը՝ որպես Սյունիք աշխարհի Աղահեճք, հետագայում՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդ գավառների՝ Տաթեւի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում։ Նույն գյուղերն այսօր էլ կան ու վերստին հայացել են։
Գետի աջ ափին դեռեւս 9-րդ դարում մեր պապերը հիմնել են Կատոսավանքը, որը եղել է տարածքի կարեւոր սրբավայրերից մեկը, որտեղ ուխտի են եկել Արցախից ու Սյունիքից։ Վանքն այժմ կիսավեր վիճակում է, որի տարածքում պահպանվել են հայոց հանգստարանի հետքեր, տապանաքարեր, խաչքարեր։ Վանքից մոտ 1 կմ հարավ՝ գետի ձախ ափին, մի ջրաղաց է գործել, որը նույնպես կիսավեր վիճակում է այժմ, աղաց—քարերը տեղում են։ Սրբատնից մոտ 1 կմ հյուսիս պահպանվել են միջնադարյան, հավանաբար, Վանքի հետ կամ քիչ ուշ կառուցված հրաշակերտ կամուրջի հենասյուները։ Կամուրջը կառուցված է սրբատաշ կապույտ բազալտից՝ կրաշաղախով։ Ունի մոտ 8 մ լայնություն, մոտ 15 մ թռիչք։ Կամուրջը եղել է միաթռիչք, կամարակապ, այդ է հուշում ձախ ափին պահպանված հենասյուն—խելի ճարտարապետական հորինվածքը։ Աջ ափում կամուրջի հենասյան արտաքին պատերը նույնպես եղել են սրբատաշ քարից։ Մոտ 1 մ լայնությամբ 2 պատերի մեջտեղում դատարկ է։ Այս մասում կամուրջին մոտ մի շինության հիմքեր կան՝ մոտ 10x10 մ չափերով։ Այս հատվածում գետի աջակողմյան հարթությունում բնակատեղիներ են եղել վաղ շրջաններում։ Փարթամ խոտով ծածկված տարածքում շատ են պատերի հետքեր, հիմքեր։ Գետն անցնում է հարթ տարածքով եւ բավականին ծանծաղ է ու դանդաղահոս։ Եվ պատահական չէ, որ հենց այստեղ են կամուրջը կառուցել։
Պատմական ճանապարհը Սյունիքի կողմից անցել է Սպիտակաջուր եւ Շրվական գյուղերով։ Սպիտակաջրի մոտ նաեւ ամրոց է եղել, որի հիմքերն ու պատերը պահպանվել են։ Գյուղում շատ են նաեւ միջնադարյան խաչքարեր ու տապանաքարեր, որոնք տարածքի հայաթափումից հետո (18-20-րդ դարեր) թրքաքրդերի կողմից օգտագործվել են որպես շինաքար։ Շրվական գյուղում նույնպես միջնադարյան հուշակոթողներ կան։ Հոչանցի արեւելյան վտակի ձախ ու աջ ափերի ժայռերին հարյուրավոր տարիներ առաջ մեր նախնիները խաչեր են քանդակել, դարձրել սրբատեղիներ։ Շրվականից է հիմնական ճանապարհն իջել՝ անցնելով հիշատակված եւ դրանից մոտ 2 կմ հյուսիս ընկած մյուս կամուրջներով։ Ավելի վերեւ գտնվող միաթռիչք կամուրջն իրար էր կապում գետի վերին հոսանքի բնակավայրերը եւ կանգուն էր մինչ վերջերս, սակայն 7-8 տարի առաջ քանդվեց; Ուներ 3,7 մ լայնությամբ անցուղի եւ մոտ 15 մ թռիչք։ Այս կամուրջը 12-13-րդ դարերի կառույց է։ Թաղի անկյունաքարերը սրբատաշ բազալտից էին։ Մնացածը կիսամշակ կամ անմշակ քարեր էին։ Գետի ձախակողմյան լանջերն ավելի թեք են, որոշ տեղերում ուղղաձիգ ժայռեր են, որոնց վրա են այժմ Դրախտաձոր եւ Անի իրար մոտ գտնվող գյուղերը։ Ըստ Օրբելյանի՝ Քարագլուխը։ Հոչանցի այս հատվածում է տարածքի բնական զարդերից մեկը՝ Սպիտակաջրի ջրվեժը, որի ակունքները գտնվում են հիշյալ գյուղում, բխում են բազալտե ժայռերի տակից եւ Շրվական գյուղի հյուսիս-արեւմտյան կողմում դառնում սպիտակափառ ջրվեժ ու թռչելով ժայռից՝ սնում են մայր գետը։ Հոչանց գետի այս մասում՝ ավելի ցած, կա նաեւ երրորդ կամուրջը, որը 11-12-րդ դարերի է, պահպանվել է ձախակողմյան հենասյունը՝ մոտ 3 մ լայնությամբ։ Գետի աջակողմյան ժայռերի տակով մի ճանապարհ է անցել։ Տեղ-տեղ պահպանվել են հենապատերը։ Հավանական է՝ դեպի Կատոսավանք եւ մոտակա ջրաղացներ գնացող ուղին է եղել։ Որոշ մասերում պահպանվել են ջրաղացներն աշխատեցնող առուների հետքերը, հենապատերը։
Ընդամենը 5-6 կմ տարածքում 3 կամուրջի գոյությունը խոր կիրճում հուշում է, որ այս մասով է եղել հիմնական կապը հայոց հարավ-արեւելյան մեր 2 նահանգների միջեւ։ Գործող ջրաղացները նույնպես ծառայել են Արցախի եւ Սյունիքի բնակչությանը, Կատոսավանքին։ Այնուամենայնիվ, առավել կարեւոր է եղել սրբատաշ քարով կառուցված եւ այդ ժամանակների համար լայն համարվող կամուրջը, որի մոտ եղա 2018 թ. դեկտեմբերի 17-ին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանի հետ։ Հենասյուները լուսանկարելու համար ստիպված էի մտնել ջուրը, անցնել գետը։ Այս մասում, արդեն հիշատակել եմ, գետը ծանծաղ է ու դանդաղահոս, եւ հնարավոր եղավ անցնել։ Նույն ընթացքում Հարութ Ավանեսյանը կամուրջի հենասյունից 30-40 մ արեւելք՝ թմբի վրա շինություն էր տեսել։ Այն բաղկացած է մի քանի սենյակներից՝ յուրաքանչյուրում 1-ական բուխարի, որոնք միջնադարյան հետքեր ունեն։ Հնարավոր է՝ կամուրջի մոտ միջնադարում իջեւանատուն-պանդոկ է գործել, որի ավերակն է պահպանվել։
Ժամանակի սղության պատճառով (արդեն մթնում էր) չկարողացանք լավ ուսումնասիրել շինությունը։ Խանգարող հանգամանք էր նաեւ չոր խոտը, որ ծածկել է պատերն ու հատակը։ Այնուամենայնիվ՝ վստահ կարելի է ասել, որ այն միջնադարյան կառույց է եւ ծառայել է հյուրընկալման նպատակով։ Երեւում է՝ շինությունից հարավ-արեւելք ընկած թեք լանջով է բարձրացել պատմական ճանապարհը եւ ձգվել դեպի Շալուայի ավազան, հասել Վայկունիք գավառ։ Այստեղից ճյուղավորվել է՝ դեպի Գանձասար ու Դադիվանք, Բերդաձորի գավառ… Այժմ նույն ճանապարհին կածան կա, որը մոտակա Դրախտաձոր գյուղ է տանում։ Հոչանցի հովտում այժմ փոքր ՀԷԿ-եր են կառուցվում։ Նշված շինությունը, կամուրջը, ջրաղացը որոշակի վնասներ են կրել շինարարական աշխատանքներից։ Հարցն արդեն ուշադրության կենտրոնում է, եւ հուսամ՝ շինարարներն այսուհետ առավել զգույշ կգործեն պատմական հուշարձանների տարածքում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search