«Սողացող հակամարտություն». ադրբեջանական հռետորաբանություն, Արցախի Հանրապետության ընտրություններ, անվտանգություն
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն իր տեսակով և դրսևորման ձևերով տիպաբանական առումով դասվում է «սողացող համակարտությունների» շարքին:
«Սողացող հակամարտություն». ադրբեջանական հռետորաբանություն, Արցախի Հանրապետության ընտրություններ, անվտանգություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քննության միջոցով կարելի է հստակեցնել կամ դասականացնել «սողացող հակամարտությունների» բնութագրիչները հակամարտաբանության ոլորտում:
«Սողացող հակամարտության» համընդունելի սահմանման համար դեռևս տերմինաբանական բավարար տեսական հիմքեր չկան, այնուամենայնիվ, մեր կողմից առանձնացվել են այն բնութագրող որոշակի հատկանիշներ.
այդպիսին կոչվելու առաջին նախապայմանը խաղաղության համաձայնագրի բացակայությունն է, ինչը դրսեւորվում է հետպատերազմյան իրադրության ոչ հստակ արտահայտմամբ:
բնորոշ է խաղաղության տրամաբանությունից հեռացումը, կողմերի միջեւ անտագոնիզմի խորացումը:
հատուկ է ռազմական ոլորտում սպառազինության մրցավազքում հետ չմնալու մշտական ձգտումը, ինչը տանում է բյուջեի բեւեռացման, պաշտպանության նպատակներով ֆինանսների արդարացված անհամաչափ բաշխման եւ արտաբյուջետային աղբյուրների ձեւավորման: (Ռենտային պետություններում, ինչպիսին Ադրբեջանն է, դա արվում է հումքային ռեսուրսների շարունակական շահագործման հաշվին, երբ ստացված եկամուտները, ձեւավորված հիմնադրամների խողովակներով, տոկոսային բաշխմամբ հատկացվում են ռազմական ծախսերը հոգալու համար):
տիպական է հակառակորդ պետությունների հնարավորությունների փոխգնահատումը, ինչը «ստուգվում է» լարվածության պարբերական, ոչ մասշտաբային բռնկումներով:
ռազմաքաղաքական կանխատեսումներում և փորձագիտական եզրակացություններում առկա է լայնածավալ պատերազմի բռնկման ռազմական սպառնալիքի մշտական գերակայության գործոնը:
բնորոշ է խիստ արտահայտված թիրախային գաղափարախոսական պայքարը պատերազմում:
բնութագրվում են հակառակորդի հյուծման պատերազմով, որի նպատակը հակամարտության երկարաժամկետ լուծման բացառումն է:
Ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» դեպքում հստակեցված ընդհանուր բնութագրիչները համալրվում են լրացուցիչ խնդիրներով: Թեժ հակամարտությունից՝ «սողացող հակամարտության» վերածման փուլում խնդրահարույց է դառնում բուն կարգավորման գործընթացը, որն աստիճանաբար վերածվելով միջոցառումների համակարգի՝ ձևափոխվում է հակամարտությունների կառավարման, ըստ այդմ՝ լարվածության հերթական մակարդակները պետք է գնահատել որպես սողացող հակամարտության կառավարման ճգնաժամ (management crisis): Այս դեպքում մենք ունենք երկու օրինակ՝ (1992-1994թթ. ադրբեջանա-ղարաբաղյան լայնածավալ պատերազմից հետո), երբ «սողացող հակամարտությունը» դադարում է «սողալուց» և վերածվում ակնհայտ բախման՝ հատելով փոխադարձ սպառնալիքի գոտիները՝ 2014 թվականի օգոստոսյան դիրքային պատերազմը և 2016 թ-ի ապրիլյան պատերազմը: Փաստորեն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ հակամարտությունը գտնվելով փափուկ ուժի՝ դիվանագիտության կարգավորման և կառավարման տիրույթում՝ դուրս է գալիս վերահսկողությունից և շղթայական անկանխատեսելի զարգացումների արդյունքում ձեռք է բերում ինքնակառավարման ուղղվածություն:
Գտնվելով «սողացող հակամարտության» պայմաններում Արցախի Հանրապետությունը ձևավորել է հետեւյալ հակազդման, զսպման և կանխման գործիքները, որոնք կարելի է դասակարգել ըստ ուժեղ, թույլ կողմերի և վտանգների:
Ուժեղ կողմերն են՝
Արցախի Հանրապետության անվտանգության փաստացի երաշխավորներն են Պաշտպանության բանակը եւ Հայաստանի Հանրապետությունը:
ԱՀ Պաշտպանության բանակը մշտապես պատրաստ է պաշտպանողական, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարձակողական գործողությունների:
ԱՀ Պաշտպանության բանակը մշտապես հետեւում է ռազմական ոլորտի կատարելագործմանը:
Հերթական լարվածությունը, անգամ դիրքային սրացումները, հնարավորություն են տալիս դիրքային ճշգրտումներ կատարելու:
ԱՀ Պաշտպանության բանակն ունի միակողմանի հաստատված տեխնիկական տեսահսկման հնարավորություններ, ինչը տեխնիկապես գրեթե զրոյացնում է դիվերսիաների հնարավորությունը /2018 թ. հունվարին Արցախի Հանրապետությունը հանդես է եկել տեսահսկման տվյալները միջազգային դիտորդներին տրամադրելու պատրաստակամությամբ/:
Թույլ կողմեր
Հակամարտության որոշ փուլերում անկանխատեսելիության բարձր աստիճան
Կոշտ ուժի եւ փափուկ ուժի կիրառման անհամաչափություն, դիվանագիտական ոլորտում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար խոչընդոտներ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում: Վերջին ամենաթարմ օրինակները 2016 թ. Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններն են, որոնք քաղաքական խոսույթում արդեն հազվադեպ են շոշափվում:
Սպառազինությունների մրցավազքի զսպմանն ու կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների քաղաքականության բացակայություն:
Վտանգներ
Հակամարտության սրացման հերթական մակարդակում մարդկային անդառնալի կորուստներ
Ադրբեջանի կողմից արմենաֆոբիայի /հայատյացության/, անհանդուրժողականության միջավայրի ձեւավորում, արտաքին թշնամու գաղափարի ամրապնդում, դեմոնիզացիա, իսկ դրանց զուգահեռ խաղաղության, խաղաղաշինական կոչերի եւ մեխանիզմների կիրառման անարդյունավետություն
Ժամանակ առ ժամանակ կողմերի դիրքորոշումների բեւեռացման արդյունքում «բանակցային տարածքի» բացակայության վտանգ
Ադրբեջանի կողմից բանակցությունները՝ որպես միակողմանի զիջումների հասնելու գործիքի ընկալում
Վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» կարգավորման հնարավորություն պետք է դիտարկել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը, որը կարող է հանգեցնել փոխվստահության մեխանիզմների հաստատմանը և դիրքային պատերազմում լարվածության նվազեցմանը: Հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքն ուղեկցվել է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից հակամարտող կողմերին ուղղված խաղաղաշինական կոչերին և համաշխարհային պանդեմիայով պայմանավորված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հակամարտող պետություններին ուղղված անհապաղ գլոբալ հրադադարի կոչին՝ 2020 թ-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է», իսկ հրամկազմը պետք է պատրաստ լինի «ճակատի բոլոր ուղղություններով մարտական գործողություններին»:
Ադրբեջանի գործնականում փորձված այս հայտարարությունները պայմանավորված են համաճարակի հետեւանքով նավթի գների աննախադեպ անկմամբ, ինչը սոցիալական դժգոհությունների տեղիք է տալիս: Նման պայմաններում անխուսափելի չէ հակամարտության հերթական սրացումը, որը կարող է Ադրբեջանում սոցիալական լարվածության թոթափման միջոց լինել:
Սողացող հակամարտության» պայմաններում Արցախի Հանրապետության անելիքները
2020 թվականի գարնանն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: ԱՀ նախագահի ընտրություններին հայտ ներկայացրած Արցախի նախագահի դիմադիր եւ ընդդիմադիր դաշտը ներկայացնող 14 թեկնածուների նախընտրական ծրագրերում հակամարտության պայմաններում գտնվող պետության գերխնդիրն անվտանգության ապահովումն էր եւ հակամարտության դիմակայումը: ԱՀ նորընտիր նախագահ (պետական գործիչ, նախկին վարչապետ) Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում 2020-2025 թվականներին հակամարտության կարգավորման հարցում և հատկապես «սողացող հակամարտության» պայմաններում պետական կառավարման հարցում որպես ծրագրային դրույթի 1-ին կետ նախանշվել են պաշտպանությունը եւ անվտանգությունը՝ հետեւյալ ուղղություններով՝ Պաշտպանության բանակի հզորացման շարունակականություն՝ սպառազինությունների համալրման, ինժեներական ենթակառուցվածքների զարգացման միջոցով, քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական բարելավում: Այս դեպքում անվտանգության ապահովումը ենթադրում է հակամարտության զսպում: Հատկանշական է, որ այս ամենին զուգահեռ ԱՀ եւ ՀՀ շարունակելու են արտաքին քաղաքականության ուղղությամբ վարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանն ուղղված քաղաքականություն, որը պետք է բխի Արցախի Հանրապետության հասարակության անօտարելի իրավունքներից եւ անվտանգության շահերից, ինչը ենթադրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների վերջնականացումը Ստեփանակերտում է: Առանց ապահովելու բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափը դիվանագիտական առաջընթացի եւ հաջողության որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ:
«Սողացող հակամարտության» պայմաններում գտնվող պետության՝ ԱՀ առաջնահերթությունը հակամարտության սրման կանխումն է՝ անվտանգության ամրապնդման գործիքակազմով, իսկ հակառակորդի լայնածավալ հարձակման դեպքում հակագրոհի գործիքակազմով: Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության անվտանգությունն առաջնահերթություն է նաեւ Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսանկյունից:
ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար Նելլի Բաղդասարյան
Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,Արցախի Հանրապետության Նախագահի օգնական Արմինե Գրիգորյան