Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ունի կառուցողական և ազատ համագործակցային դիրքորոշում. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հանդիպել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի և կուսակցության ղեկավար կազմի հետ:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ունի կառուցողական և ազատ համագործակցային դիրքորոշում. Աշոտ Ղուլյան

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ունի կառուցողական և ազատ համագործակցային դիրքորոշում. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Արթուր Թովմասյանն ասել է, որ մայիսի 23-ից հանդիպումների շարք է սկսել Արցախի քաղաքական ուժերի և 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:
 
ԱԺ նախագահի խոսքով՝ հանդիպումների նպատակը՝ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է: 
 
Ա. Թովմասյանը նշել է, որ օրենսդրական առումով կփորձեն ակտիվացնել աշխատանքները, միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում էլ ընդլայնել առկա կապերը:
 
«Այս առումով կարևորում եմ գործուն քայլերի իրականացումը և ուզում եմ հայտարարել, որ Խորհրդարանի դռները բաց են Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների համար»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Իր հերթին Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա փորձառությունն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան, որպես Ազգային ժողովի նախագահ, հանդես գալու նոր գաղափարներով և մտահղացումներով։
 
Ա. Ղուլյանը նշել է, որ Արցախի ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական խմբակցության դիրքորոշումը յոթերորդ գումարման Խորհրդարանում լինելու է կառուցողական և ազատ համագործակցային:
 
«Անկախ քաղաքական հայացքներից, շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի տեսակետը լսել և երկրին վերաբերող հարցերը քննարկել միասին: Նախընտրական շրջանում յուրաքանչյուր քաղաքական ուժ շարժվել է իր նախընտրական ծրագրով, սակայն կարծում եմ, որ այդ ծրագրերում ևս կան ընդհանրություններ։ Բնականաբար, մեր խմբակցությունը՝ խորհրդարանում, և կուսակցությունը՝ քաղաքական դաշտում, պատրաստ է շարունակելու իր գործունեությունը։ Պատրաստ ենք մեր մասնակցությունը ունենալ մնացյալ բոլոր հարցերում ևս»,- ընդգծել է Ա. Ղուլյանը:
 
Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քաղաքական խորհրդատվությունները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search