Ալբանիան ծրագրում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված սահմանները հունիսի 1-ից վերաբացել Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության, իսկ հունիսի 15-ից՝ Եվրամիության երկրների հետ:
Ալբանիան հունիսի 1-ից կվերաբացի ցամաքային սահմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի վարչապետ Էդի Ռամայի հայտարարությանը, փոխանցում է tert.am-ը:
Ալբանիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 998 դեպք, մահացել է 32, ապաքինվել 789 մարդ։
«Ալբանիան Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ իր ցամաքային սահմանները կվերաբացի հունիսի 1-ից։ Մենք պատրաստ ենք կրկին բացել սահմանները, սակայն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման համար այլ պետությունների համաձայնությունը նույնպես անհրաժեշտ է»,- հայտարարել է վարչապետ Ռաման։
Նա հավելել է, որ Շենգենյան գոտին մինչև հունիս 15-ը փակ կմնա, Եվրամիության անդամ երկրների միջև թռիչքները նույնպես դեռևս չեղարկված կմնան։
Արևմտյան Բալկանների երկրներն աստիճանաբար չեղարկում են կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումները: Խորվաթիայի ներքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել է երկիր մուտք գործելու պայմաններն ու կանոնները: Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն ավելի վաղ հայտնել է, որ Սերբիայի իշխանությունները հունիսի 1-ից հարևան Բոսնիայի քաղաքացիների համար կբացեն մուտքն իրենց երկիր։