Խորհրդարանի դռները բաց են ցանկացած արցախցու և քաղաքական ուժի համար. ԱՀ Ազգային ժողովի նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական խորհրդատվությունների շրջանակում այսօր հանդիպել է 2020 թվականի մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նախագահի կին թեկնածու Բելլա Լալայանի հետ։
Խորհրդարանի դռները բաց են ցանկացած արցախցու և քաղաքական ուժի համար. ԱՀ Ազգային ժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Արթուր Թովմասյանը ողջունել է Արցախի նորօրյա պատմության մեջ նախագահական ընտրություններին կին թեկնածուների առկայությունը և կարևորել կանանց դերը Արցախի պետականաշինության գործում։
Ա․ Թովմասյանը նշել է, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումների հիմքում ընդգրկված են օրակարգային մի շարք հարցեր, որոնք համընդհանուր են համայն հայության համար։
Ըստ այդմ ԱԺ նախագահը առանձնացրել է օրակարգային երեք հարց՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և Արցախի անվտանգությունը։
«Կարծում եմ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրային դրույթները, որոնք մեր առաջնահերթություններում ընդգրկված չեն, պետք է տեղի տալ և ընդառաջել նաև այդպիսի ծրագրերի կյանքի կոչմանը։ Հավաստիացնում եմ, որ Խորհրդարանը պետք է դառնա մեր ժողովրդի հայելին։ Այս առումով Խորհրդարանի դռները բաց են ցանկացած արցախցու և քաղաքական ուժի համար»,- ավելացրել է Ա․ Թովմասյանը։
Իր հերթին Բելլա Լալայանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ նոր գումարման Խորհրդարանը՝ պայմանավորված Ա․ Թովմասյանի ղեկավարմամբ, առանձնանալու է գործունեության արդյունավետությամբ։
«Ինչ վերաբերում է նոր Խորհրդարանի արհեստավարժությանը, հուսով եմ, որ, որպես փորձառու և տարիների կենսագրություն ունեցող պատգամավոր ու նախկին Ազգային ժողովի նախագահ, Խորհրդարանի նորընտիր ղեկավարը նրանց համար կլինի ուղեցույց։ Հուսով եմ, որ նոր Խորհրդարանում կքննարկվեն իսկապես ժողովրդին հուզող հարցեր։ Ողջունելով նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հանդուրժողականություն և համերաշխություն քարոզելու սկզբունքը և միաժամանակ պատրաստակամությունը՝ համոզված եմ, որ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կտա իր արդյունքները, հատկապես այն պարագայում, եթե մենք՝ բոլորս, մեր երկիրը սիրենք այնպես, ինչպես սիրում ենք մեր երեխաներին»,- մասնավորապես նշել է Բ․ Լալայանը։