Artsakhpress

Հասարակական

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հյուրանոցում քնած վիճակում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ՝ 2013 թվականին ՄԻԵԴ ներկայացված անհատական գանգատներով կայացված որոշումը:
Որոշմամբ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը ճանաչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքների խախտում:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է այդ որոշումը և արձանագրում, որ 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած հանցագործությունը և 2012թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից հանցագործի ներումն ու փաստացի հերոսացումը Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականության ցցուն դրսևորում էր, որը տասնամյակներ շարունակ արտահայտվում է բոլոր հնարավոր բնագավառներում:
2004 թվականից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում, և մարդասպան Սաֆարովի վարքը ադրբեջանական պետական քարոզչության և հենց մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացվում է որպես «լավագույն օրինակ»: Նման դրսևորումների շարունակում ենք ականատես լինել անընդհատ՝ պաշտոնական քաղաքականության մեջ, հասարակական կյանքում և ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում: Հայատյացության քաղաքականությունն առավել ծանր հետևանքներ ունեցավ 2016թ.ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում՝ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների տեսքով, որոնց վերաբերյալ Պաշտպանը 2016թ. դեկտեմբերին հրապարակել է հատուկ զեկույց: Իսկ Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դրսևորումների մշտադիտարկման արդյունքները ամփոփվեցին 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցում:
ՄԻԵԴ տվյալ որոշման և հայատյացության շարունակվող քաղաքականության համատեքստում առավել ընդգծված ու մտահոգիչ են դառնում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք առ այսօր շարունակվում են Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հանդեպ:
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության բնակչությունը հայատյացության քաղաքականության առաջնային թիրախն է և իր վրա շարունակաբար զգում է դրա բացասական հետևանքները՝ Պաշտպանը հույս է հայտնում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս որոշումը և միջազգային հանրության հետևողական տարբեր քայլեր կանխարգելիչ ազդեցություն կունենան Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ: Այդ առումով խիստ ցանկալի է, որ յուրաքանչյուր դեպք պատշաճ իրավական ու քաղաքական գնահատական ստանա միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող պետությունների կողմից», - ասված է հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search