ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Չինաստանի դեմ կոշտ միջոցների մասին հայտարարել՝ կապված Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Թրամփը խոստացել է մի քանի օրից Չինաստանին «հզոր պատասխան» տալ Հոնկոնգում կատարվող գործողությունների համար
«Մենք հենց հիմա էլ ինչ-որ բան կանենք: Կարծում եմ՝ ձեզ համար դա շատ հետաքրքիր կլինի, բայց ես հիմա դրա մասին չեմ խոսի, ես դրա մասին կասեմ մի քանի օրից»,-ասել է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Պեկինի նկատմամբ:
Պատժամիջոցների մասին հարցին Թրամփը բացասական է պատասխանել, բայց հայտարարել է, որ ձեռնարկվելիք քայլը ինչ-որ «հզոր» բան կլինի:
Միևնույն ժամանակ տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է «չինացի մի շարք պաշտոնյաների և չինական ընկերությունների ու ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը», խոսքը կարող է լինել նրանց ակտիվների սառեցման մասին:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Պեկինի նկատմամբ, եթե Չինաստանը, վիճահարույց ազգային անվտանգության օրինագիծն ընդունելով, «զավթի» Հոնկոնգը: Չինաստանը, իր հերթին, խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն գործի իր շահերի դեմ: Չինաստանը նշել է, որ Պեկինի և Հոնկոնգի ինքնավար շրջանի փոխհարաբերությունները ներքին քաղաքականության հարց են, որին միջամտելու իրավունք չունի աշխարհի որևէ երկիր: