Նրա փոխանցմամբ` բոլոր աստղագետները հետևում են ցուցակագրված ամենախոշոր երկնաքարերի շարժին` ամիսներ, տարիներ շարունակ դիտելով դրանց հետագիծը, ու եթե մոտենում են երկրին, այդ մասին անմիջապես հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներով։
Նման դեպքում խոսք է գնում տասնյակ հարյուրավոր մետրանոց կամ կիլոմետրանոց երկնաքարերի մասին, որոնք ավելի վտանգավոր են։ Ըստ Միքայելյանի` եթե, Աստված մի արասցե, նույնիսկ 100 մետրանոց աստղակերպն ընկնի տասնյակ կիլոմետրերի հասնող տրամագիծ ունեցող քաղաքի վրա, ապա այդ բնակավայրից ոչինչ չի մնա, քանի որ մեծ արագության պատճառով հարվածի ուժը չափազանց մեծ է։
«Կա ծառայություն, որը մեծ աստղակերպի շարժման կամ դրանից բխող հնարավոր վտանգի մասին իմանում է շատ ավելի վաղ, նույնիսկ տարիներ առաջ։ Օրինակ` հայտնի է, որ 2029 և 2049 թվականներին երկրի մոտով կարող է անցնել հսկայական աստղակերպ։ Դրանց հետևելու նպատակը ուղեծրերի ճշտումն է, որովհետև մեծ երկնաքարերը երբեմն ենթարկվում են խոտորումների։ Միշտ չէ, որ ճշգրտորեն պահպանվում է ուղեծիրը, դա կախված է այն հանգամանքից, թե ինչ խոշոր մարմնի կողքով կանցնի, հետևաբար, տիեզերագրավիտացիոն ազդեցության ներքո կարող է մի փոքր շեղվել»,– ասաց աստղագետը։
Աստղադիտարանի տնօրենի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ եղավ շատ ավելի մեծ առկայծում։ Դա պարսկական հրթիռ էր, որն անհաջող արձակման պատճառով կործանվեց, և նրա շարժման հետագծից երևում էր, որ սիմետրիան խախտված է, ինչը բնորոշ է արագ պտտվող արհեստական մարմիններին։ Աստղագետի եզրակացմամբ` կարող են լինել և՛ բնական, և՛ արհեստական առկայծումներ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր Facebook–ի իր էջում տեղադրել էր օգտատերերից մեկի տրամադրած տեսանյութը և հայտնել, թե մայիսի 27-երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքար է ընկել։