Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում կադրային նոր նշանակումներին:
Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի նոր կառավարությունում ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար է նշանակվելու Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Վերջինիս շնորհվել է նաև գեներալ-մայորի կոչում:
«Կցանկանայի նշել, որ այս կարևոր նախարարության հետ կապված ունենք մեծ ակնկալիքներ, իհարկե հիմնականում ողջունվել է, սակայն միանշանակ չի ընդունվել նոր նախարարության կազմավորումը: Սա մեր կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես երիտասարդության զարգացման համար»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հաջորդ որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվելու է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ԱՀ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մի քանի օր առաջ: Ա. Հարությունյանը համոզված է, որ համատեղ աշխատանքով կարողանալու են զարգացնել Ազգային անվտանգության ծառայությունը: Այս համատեքստում Արցախի Նախագահը կարևորել է ՀՀ գործընկեր կառույցի հետ համատեղ աշխատանքը և նշել, որ որակական առումով կլինեն նոր փոփոխություններ: