Artsakhpress

Մշակույթ

Հայ և ամերիկացի դերասանների մասնակցությամբ հեռուստանովելը կհանձնվի հեռուստադիտողի դատին

Academy Films պրոդյուսերական ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված տարբեր հեռուստանովելներ ադապտացվում են, ենթարկվում սցենարական որոշ փոփոխությունների և վերանկարահանվում ԱՄՆ-ի լսարանի համար:

Հայ և ամերիկացի դերասանների մասնակցությամբ հեռուստանովելը կհանձնվի հեռուստադիտողի դատին

Հայ և ամերիկացի դերասանների մասնակցությամբ հեռուստանովելը կհանձնվի հեռուստադիտողի դատին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդպիսի նախագծերից է հայ-ամերիկյան «Քավարան» անգլալեզու հեռուստանովելը, որի ռեժիսորներն են Հայկ Կբեյանը և Մայք Քեյսին: Հեռուստասերիալի նկարահանումներն իրականացվում են Հայաստանում: Ֆիլմում ընդգրկված են  հայ և ամերիկացի դերասաններ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  թատրոնի և կինոյի դերասան Լևոն Զաքարյանը, որը զբաղված է ֆիմում, պատմեց՝ այն սարսափ ժանրի է, բաղկացած է 16 մասից: «Երկու եթերաշրջան է. առաջին ութ սերիան արդեն նկարահանվել է: Հեռուստանովելը ցուցադրվելու է ԱՄՆ-ում՝ Pop Star TV, Apple TV, Roku հեռուստաալիքներով»,-ասաց Զաքարյանն ու հավելեց, որ նկարահանումներ են իրականացրել Սևանում, Դիլիջանում, Առինջի գետնափոր թանգարանում, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները:
Նա չցանկացավ մանրամասներ հայտնել ֆիլմի սյուժեի և կերպարների մասին՝ հիմնավորելով, որ պրեմիերային քիչ ժամանակ է մնում, երկու կամ երեք ամիս, ուստի լավ կլինի, որ մարդիկ դիտեն կինոնկարն ու ինքնուրույն բացահայտումներ անեն: «Բոլոր հերոսները ծայրահեղ տարբեր են, գրեթե ընդհանրություն չունեն: Կարծում եմ՝ այս  նախագիծը կարող է հետաքրքրել հեռուստադիտողին, քանի որ խճճված պատմությունները մշտապես կլանում են: Ֆիլմում խճճված իրավիճակ է ներկայացվում, հետո կծիկը սկսում է բացվել: Կարող է գրավել նաև դերասանական հրաշալի խաղը»,-շեշտեց Զաքարյանը:
Դերասանի խոսքով՝ շատ հետաքրիքր էր աշխատել ամերիկյան կինոինդուստրիայի համար: «Ահռելի տարբերություն կա հայկական, ռուսական և ամերիկյան կինոարտադրողների միջև: Համագործակցել եմ երեքի հետ էլ և պետք է խոստովանեմ, որ ամերիկացիներն ավելի պրոֆեսիոնալ են ու խստապահանջ: Չեմ թերագնահատում ոչ ոքի աշխատանքը, բայց նրանք ավելի պատասխանատու են, գիտեն, թե ինչ է իրենց անհրաժեշտ և թե ինչ են մատուցելու հեռուստադիտողին»,-նշեց նա:
Անդրադառնալով ռեժիսոր Մայքլ Քեյսիի հետ համագործակցությանը՝ Լևոն Զաքարյանն ընդգծեց, որ երբ առաջին անգամ գնացել է նկարահանման հրապարակ, չի իմացել, թե Քեյսին աշխատել է Ալ Պաչինոյի հետ: «Խոսակցությունների ընթացքում տեղեկացա, որ նա նաև «Էմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է: Ինձ թվում էր, որ նա ավելի «ձիգ» կլինի, բայց ընկերական էր, սիրով: Կան ոլորտի ներկայացուցիչներ, որոնք աշխատել են գերաստղերի հետ, և նրանց հնարավոր չէ բարևել, քանի որ, ըստ իրենց, իրենք ինչ-որ բան են իրենցից ներկայացնում, այնինչ Քեյսին հաճելի, անմիջական մարդ է, բարի, և նրա հետ աշխատելիս գիտակցում ես, որ լուրջ հոտառություն ունի կինոասպարեզում  և ապահով ես զգում քեզ»,-ասաց դերասանը:
Լևոն Զաքարյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է, որին շատերը ճանաչում են Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր», Արգիշտի Փիլոյանի «Կոմիտաս», «Թումանյան» ֆիլմերից, The Evil Touc,  «Դեպի երազանք 2» հեռուստասերիալներից: Նա, խոսելով թատրոնի, կինոյի առանձնահատկությունների մասին, շեշտեց, որ թատրոնն ու կինոն իրականում չափազանց տարբեր աշխարհներ են: Ըստ Զաքարյանի՝ թատրոնը կենդանի արվեստ է, կենդանի շփում է պահանջում թատերասերի հետ, էներգետիկ փոխանակում, իսկ կինոն ունի իր յուրահատկությունները: «Միշտ խուսափել եմ էկրանից՝ կարծելով, որ էկրանային դեմք չեմ, բայց ասում են, թե էկրանն ինձ սիրում է: Ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում ահռելի աշխատանք է տարվում մեկ գեղեցիկ  միզանսցեն կամ կադր ստանալու համար: Ոչ ոք թող չկարծի, որ ֆիլմ նկարելիս անհրաժեշտ է պարզապես տեսախցիկ և վերջ: Կարևոր են լույսը, ստվերը… Դերասանը պետք է զգա տեսախցիկը, ինչը չկա թատրոում: Բեմում ոչ ոք չի ասում, որ էական է իմանալ, թե հանդիսատեսը քեզ որ կողմից է դիտում, իսկ կինոյում պետք է իմանալ, թե հեռուստադիտողը քեզ որ անկյունից է նայելու և այլն: Թե՛ Հայկ Կբեյանը, թե՛ Մայքլը փորձում են ամեն ինչ անել որակով, ճաշակով կադր ստանալու համար: Հրաշալի աշխատանք են կատարել նաև օպերատորները, բոլոր նրանք, ովքեր ներգրավված են հեռուստանովելի նկարահանման աշխատանքներում»,-եզրափակեց Լևոն Զաքարյանը:
Լևոն Զաքարյանից բացի «Քավարան» հեռուստանովելում խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, Դալիթա Ավանեսյանը, Անելյա Գուբրյանը, Արման Խաչատրյանը, Մոնիկա Ավետիսյանը, Էվա Ոսկանյանը, Արսեն Չաչոյանը: Ամերիկացի դերասաններն են Դենի Մահոնին, Ջոնի Նիլը, Էրիկ Ֆելոուսը, Տատյանա Մարյանովիչը, Բիբի Լյուսիլը և այլք:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search