Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվել է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկի (1 միլիոն 20 հազար դրամ), իսկ առավելագույն տարեկան շեմը` նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրութսունապատիկի չափով (12 միլիոն 240 հազար դրամ):
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ԱՀ Պետական եկամուտների մամլո ծառայության փոխանցմամբ՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը ընդունվում է 500 հազար դրամը, իսկ առավելագույն տարեկան շեմը՝ 6 միլիոն դրամը: Նշված դրույթի հետ կապված անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտներից սոցիալական վճարը կկատարվի հետևյալ չափերով`
- 5 %-ի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,
- 10 %-ի և 25 հազար դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 հազար դրամը.
Ընդ որում, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը պետությունը կշարունակի կատարել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12 հազար 500 դրամ։
Միաժամանակ, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը նշված անձանց համար կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 հազար 500 դրամը։
Ձեռնարկատիրական եկամուտներից ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարը կկատարվի հետևյալ չափերով.
- 5 %-ի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 միլիոն դրամը,
- 10 %-ի և 300 հազար դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 միլիոն դրամը:
Օրինակ 1. Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վարձու աշխատողին հաշվարկված աշխատավարձը կազմել է 700 հազար դրամ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողի համար կուտակային հատկացումը կկազմի 70 հազար դրամ, որից վարձու աշխատողի աշխատավարձից փաստացի պահվող սոցիալական վճարի գումարը կկազմի 32 հազար 500 դրամ, վարձու աշխատողի համար Արցախի պետական բյուջեից հատկացվող գումարը` 37 հազար 500 դրամ ( 12 հազար 500 + 25 հազար):
Օրինակ 2. Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վարձու աշխատողին հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողի համար կուտակային հատկացումը կկազմի 102 հազար դրամ, որից վարձու աշխատողի աշխատավարձից փաստացի պահվող սոցիալական վճարի գումարը կկազմի 64 հազար 500 դրամ, վարձու աշխատողի համար Արցախի պետական բյուջեից հատկացվող գումարը` 37 հազար 500 դրամ ( 12 հազար 500 + 25 հազար):