Շուկայում դիմակների գների նվազեցման միտում է արձանգրվել
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով՝ հունիսի 29-ի դրությամբ շուկայում դիտարկված 43 ապրանքատեսակների գների դիտարկման արդյունքում պարզվել է, որ շաբաթվա ընթացքում փոփոխություններ են արձանագրվել 7 ապրանքների գներում:
Շուկայում դիմակների գների նվազեցման միտում է արձանգրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է կառույցի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ նշելով, որ դիտարկման արդյունքում արձանագրվել է 6 ապրանքատեսականու գնանկում և մեկ գնաճ:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուսումնասիրված 33 լայն սպառման ապրանքատեսակների մասով 8 ապրանքատեսակների գները գրանցել են նույն մակարդակում, 15-ի գները՝ նվազել են, իսկ 9 ապրանքատեսակների գները՝ աճել:
«Նախորդ տարվա համեմատ՝ հիմնական գնաճը վերաբերում է հետևյալ ապրանքատեսակներին՝ դիմակներ, խնձոր, ոսպ, հնդկաձավար. գնաճը տատանվում է 2-4,5 անգամի սահմաններում: Ի դեպ, այսօր գների նվազման միտումներ են արձանագրվում ոսպի և հնդկաձավարի ապրանքային շուկաներում: Այսօր ունենք 90 դրամ արժողությամբ դիմակներ, ինչը ենթադրում է, որ այս ապրանքատեսականու գինը ևս նվազում է: Նշեմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիմնական գնանկումներն արձանագրվել են բենզինի, դիզվառելիքի, կարտոֆիլի, սոխի, ադամաթուզի, շաքարավազի և հավի ձվի պարագայում: Ի տարբերություն գնաճ արձանագրած շուկաների (որտեղ բացակայում են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները և դուրս են հանձհնաժողովի վերահսկողության շրջանակներից)` գնանկում արձանագրած բենզինի, դիզվառելիքի, հավի ձվի և ադամաթուզի ապարնքատեսակետների շուկաներում գործում են գերիշխող դիրք ունեցող 5 տնտեսվարող սուբյեկտներ, որոնց գործունեությունը, մասնավորապես, գնային քաղաքականությունը մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը: